Ապրիլյան մարտերի օրերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, «Արմենիա» հյուրանոցի բացօթյա տաղավարում, ռեստորանային մասնաշենքում, ինչպես ժողովուրդն է ասում՝ տեղուդադար չկար:
Կամուֆլյաժավորների շքահանդես էր: Հանրայինի Ստեփանակերտի թղթակիցը խնդրել էր, որ մի քանի րոպեով ուղիղ եթեր մտնեմ. շարժական հեռուստակայանը Երեւանից հասցրել էին պատերազմական գործողությունների գոտի:
Հաղորդումն ավարտեցի, որքան հիշում եմ՝ ասացի, որ մոտակա մեկ-երկու օրում պատերազմը կդադարի: Ո՛չ որեւէ տեղեկություն ունեի, ո՛չ պայծառատես էի, պարզապես տրամաբանությունը հուշում էր, որ եթե Ստեփանակերտը, մերձակա ռազմական օբյեկտները, Շուշին եւ Հայաստանի հետ երկու ճանապարհներն ինտենսիվ չեն թիրախավորվում, ուրեմն Իլհամ Ալիեւը «նախազգուշական կրակոց է արձակել»:
Արդեն բացօթյա սրճարանում, որտեղ երեւի մի հարյուր մարդ կար, երբ ուզում էի մի-երկու գավաթ գարեջուր խմել, թիկունքից լսեցի անունս: Շրջվեցի, Հայաստանի Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր, որ նաեւ իշխող ՀՀԿ բավական ազդեցիկ գործիչ է:
Մեկ տարի առաջ էի թողել քաղաքականությունը: Մենք միմյանց գիտեինք նախորդ տարիների հանդիպումներից, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքային քննարկումներից: Բարեբախտաբար այդ պահին զինվորական հագուստով մի խումբ թողեց զբաղեցրած սեղանը:
Նստեցինք, սուրճ պատվիրեց: Խոսեցինք պատերազմից: Եվ ինձ թույլ տվեցի հարցնել, թե մարտական գործողությունների երկարաձգվելու դեպքում Հայաստանն իրական ինչ ռեսուրսներ եւ պաշարներ ունի: Նրա ասած ժամկետը, թե որքան է հնարավոր կայուն դիմադրություն ցույց տալ եւ անցնել պատասխան գործողությունների, հիմա էլ չեմ հրապարակի: Ոչ էլ կբացահայտեմ, թե ինչ եւ ինչպես էր խոսում Ռուսաստանի, Բելառուսի մասին, որ Ադրբեջանին նորագույն սպառազինություններ են վաճառել: Եթե հիշողությունս չի դավաճանում, հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի Գլխավոր շատբի պետերը մեկնել են Մոսկվա, շուտով հրադադար կհաստատվի:
Այդ պաշտոնյային այլեւս չեմ հանդիպել, իր խոսքը հիշեցնելու առիթ չեմ ունեցել: Եթե հանդիպեմ, չեմ հիշեցնի: Ինձ հետ նա չափազանց անկեղծ է խոսել՝ ի տարբերություն Ստեփանակերտի ավելի բարձրաստիճան պաշտոնյաների, որ տեղական հեռուստատեսության էկրանին հայտնվեցին միայն ապրիլի 5-ին, երբ ռազմաճակատում հրանոթները լռել էին:
2016-ի քառօրյա մարտերից հետո Թալիշը երկրորդ անգամ ավերվեց, բնակչությունը տարհանվեց: Մի մասը հեռացավ, մյուսը տեղավորվեց Սարսանգի մերձակա «Ալաշան» տեղանքում, որտեղ խորհրդային շրջանից տնակներ կային: Մեկ կամ երկու տարի Լեռնային Ղարաբաղի կառավարությունը Թալիշում հսկայածավալ շինարարություն էր իրականացնում: Նույնիսկ արհեստական ոռոգման համակարգ կառուցվեց, բարեկարգվեց Մատաղիսի ջրամբարը, հայտարարվեց, որ ստեղծվում է հանգստյան գոտի: Ցանկացողներն այսօր էլ կարող են որոնել եւ դիտել տեսանյութը, թե ինչպես են Հայաստանի եւ Արցախի վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Արայիկ Հարությունյանը մոտորանավակով զբոսնում: Իսկ թե ինչ առանձնատներ են կառուցվել Թալիշում, հայ հանրությունը, երեւի, պատկերացում կազմեց քառասունչորսօրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները սկսեցին ցուցադրել գրաված գյուղը:
Ո՞վ էր այդ ծրագրի հեղինակը, ի՞նչ նպատակ էր այն հետապնդում: Այդ տարիների Թալիշում լույսը բացվում էր գրաված բարձունքից Ադրբեջանի պետական դրոշի ճնշող ներկայությամբ: Ով եղել է Թալիշում, կվկայի, որ Պաշտպանության բանակի սակավաթիվ զրահատեխնիկան տեղաբաշխված էր թալիշցիների այգիներում՝ նրանց տներից հիսուն-հարյուր մետր հեռավորության վրա: Այդ պայմաններում արժե՞ր բնակելի տան վրա երեսուն-քառասուն միլիոն դրամ ծախսել, մայթեր կառուցել, ասֆալտապատել, դպրոցական շենք հիմնանորոգել:
Թալիշ-Մատաղիս ծրագիրը Հայաստանի հարկատուներին ի՞նչ է արժեցել: Իսկ ավելի նպատակահարմար չէ՞ր լինի երկրորդ անգամ ավերված գյուղը վերածել զուտ ռազմա-պաշտպանական բնագծի: Հիսուն առանձնատան վրա ծախսած ցեմենտը եւ մետաղը, երեւի, կհերիքեին, որ գոնե մեկ կիլոմետրանոց երկաթբետոնե պաշտպանական բնագծեր ունենայինք: Հյուսիսային ուղղությամբ թշնամին առաջինը ճեղքել է Թալիշի բնագիծը: Գուցե միամտություն է ասել, որ եթե այդ միջոցները ծախսվեին ամրացված բնագծեր կառուցելու վրա, ապա պատերազմն այլ ընթացք կունենար կամ գոնե նման ողբերգական ելք չէր ունենա: Գուցե: Բայց, միեւնույնն է, սպանիչ է, երբ հասկանում ես, որ «հայրենասիրական» Թալիշն ավելի շատ փողի «լվացքատուն» էր:
![](https://www.aliqmedia.am/wp-content/uploads/2020/12/v_atanesyan.jpg)
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։