«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (YPG) քրդական կազմավորումների հրամանատարությունը սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի եւ արեւմտյան կոալիցիայի հետ, որոնք ուժեղացրել են իրենց ռազմական ներկայությունը նախորդ տարվա վերջին Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այդ մասին «Al Hadath» հեռուստաալիքին հայտնել է YPG-ի ներկայացուցիչ Լեյլա Մուսան։
«Մենք նախընտրում ենք, որ ամերիկյան ուժերը մնան Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը երկրում չի կայունացել։ Եթե ամերիկյան զորքերը իսկապես լքեն Սիրիան, ապա քրդերը զենք կվերցնեն՝ պաշտպանելու իրենց հողերը եւ դիմադրելու նվաճմանը»,- ասել է Մուսան։
Նշենք, որ երկու անանուն պաշտոնյաներին հղում կատարելով՝ այսօր ամերիկյան NBC-ն էր գրել, որ Պենտագոնը Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման ծրագիր է մշակում։
Նրանց տվյալներով՝ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա վարչակազմի մերձավոր ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Սիրիայից զորքերի ամբողջական դուրսբերման հարցում։ Կապված այս քայլի հետ՝ Պենտագոնը սկսել է ծրագրեր մշակել, որոնք թույլ կտան ԱՄՆ զորքերը դուրս բերել 30, 60 կամ 90 օրվա ընթացքում։
Ավելի վաղ Թրամփը, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր, որ Վաշինգտոնը չպետք է զբաղվի Սիրիայի խնդիրներով։ Նա նշել էր, որ ԱՄՆ վարչակազմը որոշում կկայացնի Արաբական Հանրապետությունից ամերիկյան զորքերը դուրս բերելու հնարավորության վերաբերյալ։
Այսօր էլ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած բանակցություններից հետո Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաան էր հայտարարել, որ քննարկման ժամանակ ընդգծվել են «հատկապես Սիրիայի արեւելյան եւ հյուսիսային հատվածներում» առկա անվտանգային խնդիրները։ Ալ-Շարաայի նշած շրջանները գտնվում են ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն ունեցող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերահսկողության ներքո, որը Անկարան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ճյուղ է համարում։ Երկու այս կառույցներն էլ Թուրքիան ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։
Թուրքիայի նախագահն էլ Ալ-Շարաային վստահեցրել է, որ Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերելու «Իսլամական պետությունից», ինչպես նաեւ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունից» բխող սպառնալիքների չեզոքացման համար։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ քրդական կազմավորումները այլ ելք չունեն՝ բացի զենքերը վայր դնելուց։ Նրա խոսքերով՝ «զինյալները կա՛մ զենքերը վայր կդնեն, կա՛մ դրանց հետ կթաղվեն հողի տակ, երրորդ ճանապարհ չկա»։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ իր հերթին հայտարարել էր Սիրիայում գործող քրդական զինված խմբավորումների դեմ ռազմական գործողության հնարավորության մասին, եթե նրանք չկատարեն Անկարայի պահանջները։
2024-ի դեկտեմբերին Hürriyet թերթը գրել էր, որ Թուրքիան եւ Սիրիան կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերի դեմ։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 16-ին էլ The Wall Street Journal-ն էր, հղում կատարելով բարձրաստիճան պաշտոնական աղբյուրներին, գրել, որ Թուրքիան կրկնապատկում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով տեղակայված բանակային եւ սիրիական ռազմականացված խմբավորումների ուժերը, ինչը կարող է ցույց տալ, որ Անկարան պատրաստվում է լայնածավալ ներխուժման հարեւան երկրի տարածք։