ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկում է խաղաղության համաձայնագիր կնքել Իրանի հետ, որը կվերաբերի միջուկային ծրագրին եւ կվերահսկվի այն ստորագրող կողմերի կողմից։
«Ես ցանկանում եմ, որ Իրանը լինի մեծ եւ հաջողակ երկիր, որը, սակայն, չի կարող միջուկային զենք ունենալ: Հաղորդումները, որ ԱՄՆ-ը, գործելով Իսրայելի հետ, փորձում է ոչնչացնել Իրանը, ուռճացված են։ Ես ավելի շատ կնախընտրեի վերահսկվող, միջուկային խաղաղության համաձայնագիրը, որը թույլ կտա Իրանին զարգանալ եւ բարգավաճել խաղաղ պայմաններում: Մենք պետք է անհապաղ սկսենք աշխատել դրա վրա եւ մեծ մերձավորարեւելյան տոնակատարություն կազմակերպել, երբ այն ստորագրվի եւ վավերացվի»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Տocial սոցիալական կայքում:
Հիշեցնենք, որ օրերս The New York Times-ն էր գրել, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ իրանցի գիտնականները ուսումնասիրում են միջուկային զենք ստանալու կարճ ուղիները, ինչը նման զենք ունենալու համար Թեհրանից կպահանջի ոչ թե տարիներ, այլ ամիսներ։
Թեհրանը ուրանի հարստացումը վերսկսել է, երբ 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր առաջին պաշտոնավարման ընթացքում հայտարարեց 2015 թվականի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Ջո Բայդենի նախագահության ժամանակ Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նշել է Axios պորտալը, «զգալի առաջընթաց է գրանցել»։
2023 թվականի դեկտեմբերի վերջին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել էր, որ Իրանը հարստացված ուրանի արտադրության մակարդակը հասցրել է մինչեւ 60%-ի (միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ է մինչեւ 90% եւ ավելի հարստացված ուրան):