Գազայի հատվածից տեղի բնակչության վերաբնակեցման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները բացասաբար են ընդունվել եվրոպական երկրների ղեկավարների կողմից։
Փետրվարի 4-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարեց Գազա զորքեր ուղարկելու եւ այնտեղ վերակառուցման աշխատանքներ սկսելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին։ ԱՄՆ նախագահը խոստացել է Գազայի հատվածը վերածել տնտեսապես զարգացած շրջանի։ Դրան հասնելու համար նա առաջարկել է տեղի բնակիչներին վերաբնակեցնել հարեւան արաբական երկրների տարածքում։
Թրամփի այս հայտարարություններից հետո Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պաղեստինցիներին Գազայից վտարելը անընդունելի է եւ հակասում է միջազգային իրավունքին։
Բերբոքը կոչ է արել Գազայի համար ստեղծել «իրական քաղաքական հեռանկար», որի շրջանակում ՀԱՄԱՍ շարժումն այլեւս որեւէ դեր չի խաղա ապագայում:
«Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Գազան, ինչպես Հորդանան գետի արեւմտյան ափը եւ Արեւելյան Երուսաղեմը, պատկանում է պաղեստինցիներին։ Դրանք ապագա Պաղեստին պետության ելակետերն են»,- նշել է Բերբոքը։
Նա նաեւ ընդգծել է, որ Եվրոպան պատրաստ է աջակցելու Գազայի վերականգնմանն ուղղված ջանքերին։
Նման հայտարարություն հնչեցրել է նաեւ Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը՝ ընդգծելով, որ Գազայի տարածքում պետք է պաղեստինցիներ մնան։
«Գազան պաղեստինցիների հողն է։ Գազայի պաղեստինցիները պետք է մնան Գազայում։ Գազան ապագա պաղեստինյան պետության մի մասն է»,- նշել է Իսպանիայի արտգործնախարարը։
Պաղեստինցիների վերաբնակեցմանը դեմ է արտահայտվել նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Լեմմին։
«Մենք միշտ համոզված ենք եղել երկու պետություն սկզբունքով խնդրի կարգավորման անհրաժեշտության մեջ։ Մնեք պետք է տեսնենք, թե ինչպես են Գազայում եւ Արեւմտյան ափում ապրում ու բարգավաճում պաղեստինցիները»,- ասել է նախարարը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ, ելույթ ունենալով Համայնքների պալատում, հայտարարել է, որ իր կառավարությունը կաջակցի Պաղեստինի ժողովրդին Գազայի հատվածի վերականգնման գործում, որպեսզի տեղի բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տները:
«Պետք է թույլատրել, որ նրանք վերադառնան։ Եվ մենք պետք է նրանց կողքին լինենք վերակառուցման ընթացքում՝ դեպի կարգավորման տանող այս ճանապարհին՝ հիմք ընդունելով երկու պետության գոյության սկզբունքը»,- հայտարարել է Սթարմերը։