Արվեստագետ Լուսինե Նավասարդյանի «Լռություն» նախագծի ցուցադրությամբ հունվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկել է ժամանակակից հայ արվեստագետների նոր եւ նշանակալի ստեղծագործություններին նվիրված «Հեռապատումներ» ծրագիրը։ Ցուցահանդեսը բաց էր մինչեւ փետրվարի 2-ը։
Լուսինե Նավասարդյանի «Լռություն» նախագիծը բաղկացած է 2021-2024 թվականների ընթացքում ստեղծված չորսմետրանոց մոնումենտալ գծանկարից եւ դրա ստեղծման ընթացքը վավերագրող վիդեոպրոյեկցիայից։ Ցուցահանդեսի համադրողը Վիգեն Գալստյանն է:
Դեռեւս 44-օրյա պատերազմի օրերին նկարչուհին ռազմադաշտում նկարահանված տարբեր տեսանյութեր է դիտել, եւ նրա ուշադրությունը գրավել է ծուխը։ Հենց պատերազմի ընթացքում որոշել է, որ նոր գործ է ստեղծելու։
«Այդ օրերին լրագրողներին խնդրեցի ինձ տեսանյութեր տրամադրել։ Ուշադրությամբ նայում էի հատկապես սեւ ծուխը։ «Բարս Մեդիա» ընկերությունն ինձ տեսանյութեր տրամադրեց, որոնցից լուսանկարներ հանեցի։ Դրանք ուշադիր նայում եւ ուսումնասիրում էի։ Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ իմ աշխատանքը 4-մետրանոց է լինելու։ Աշխատելիս նկատեցի՝ արհեստական լույսի տակ նկարելն այնքան էլ արդյունավետ չէ, ուստի որոշեցի՝ պետք է նկարել միայն բնական լույսի ներքո, այսինքն՝ աշխատում էի առավոտից մինչեւ մայրամուտ՝ օրական 8-10 ժամ»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմում է Լուսինե Նավասարդյանը։
Աշխատանքի ընթացքը տեսանկարահանվել է, որը եւս ներկայացվել է ցուցահանդեսի ընթացքում։ Շուրջ 350 տեսանյութ է ստացվել։ Լուսինեն շուրջ 4 ամիս տեսանյութի կադրերն ընտրելու եւ մոնտաժի վրա է աշխատել։ Տեսանյութը մոնտաժել է անիմատոր Լուսինե Չերգեշտյանը: Լուսինեն ներկա է եղել մոնտաժի աշխատանքներին, որպեսզի հենց իր նախընտրած կադրերն օգտագործվեն։
«Ինձ համար շատ կարեւոր էր այն, որ մոնտաժողը հարգում էր իմ կարծիքը, ուստի մեր համագործակցությունն արդյունավետ էր»,- պատմում է Լուսինեն։
Խոսելով ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանի հետ համագործակցության մասին՝ նա պատմում է՝ նախ Գալստյանին խնդրել է գալ, իր աշխատանքը տեսնել։ Հետո, երբ որոշվել է, որ այն պիտի ցուցահանդեսում ներկայացվի, քննարկել են, թե պատկերասրահում որտեղ ու ինչպես պիտի ցուցադրվի, եւ ստացվել է այնպես, այն դիրքով, ինչպես Լուսինեն էր պատկերացնում։
Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսի բաժնի ղեկավար, ցուցադրության համադրող Վիգեն Գալստյանը պատմում է՝ երբ Լուսինեի հետախոսազանգից հետո գնացել է արվեստանոց եւ տեսել աշխատանքը, տպավորվել է եւ ասել՝ այն պետք է ցուցադրել։
«Պատկերասրահում խոսում էինք այն մասին, որ հարկավոր է ցուցադրել ժամանակակից արվեստի գործեր, երիտասարդ արվեստագետների աշխատանքները։ Լուսինե Նավասարդյանի գործը հետաքրքիր է այն տեսանկյունից, որ փաստագրական է եւ գերիրական, ֆանտաստիկ վիզուալ տպավորություն է թողնում, բայց միեւնույն ժամանակ, երբ մի քիչ դիրքդ փոխում ես, այն վերածվում է աբստրակցիայի, եւ շատ ծանր ու մութ թեմայից մեկ այլ բանի է վերածվում, այսինքն՝ շեշտադրում է ապրելու եւ կյանքի գեղեցկությունը։ Կարծում եմ՝ գործի իմաստը եւ ուղերձը նաեւ դրանում են»,- մանրամասնում է Վիգեն Գալստյանը։
«Ինձ համար կարեւոր էր, որ աշխատանքները տեղադրվեն այնպես, որ երբ գծանկարն են տեսնում, տեսանյութը չերեւա, եւ հակառակը։ Այսինքն՝ դրանք պետք էր տեղադրել հարմար դիրքերով, եւ հենց այդպես էլ արեցինք»,- նշում է Լուսինեն։
Ստեղծագործությունը կոչվում է «Լռություն», քանի որ Լուսինեն պատերազմի մեջ աղմուկից բացի նաեւ լռություն է զգացել․․․ 2021 թվականին նա սկսել է հետազոտական աշխատանքները, 2022 թվականի օգոստոսից սկսել է նկարել։ Մեկ ամիս նկարել է, բայց հետո տարածքի, արվեստանոցի հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ նկարչական աշխատանքը շարունակել է 2023 թվականի սեպտեմբերից մինչեւ 2024 թվականի փետրվարի 15-ը։ Այդ օրը նա գծանկարչական աշխատանքն ավարտին է հասցրել։ Մոնտաժի աշխատանքներն ընթացել են 2024 թվականի սեպտեմբերից դեկտեմբերի վերջ։
Լուսինեն ասում է՝ արվեստի գործն ավելի խոսուն կարող է լինել, քան իր բառերը, քանի որ ինքը խոսում է արվեստի լեզվով։
«Աշխատանքս նայելով՝ ոմանք ասում են՝ սա պատերազմի մասին է, բայց այդ ծխի գույների մեջ էլ կյանք կա, մի տեսակ «մարմնական» է, դրական էներգիա է փոխանցում։ Այո՛, իմ գործով ցանկացել եմ հե՛նց դրանք փոխանցել մարդկանց։ Ես ցանկացել եմ ցույց տալ կյանքի մեջ եղած գույները։ Կյանքում կան աղետալի դեպքեր, լավ դեպքեր․․․ Շեշտը փորձել եմ դնել կյանքի բնույթի եւ ապրելու կարեւորության վրա»,- ասում է Լուսինեն։
Աշխատանքի տեխնիկական ընթացքը եւս բավական բարդ է եղել։ Նկարչուհին պարբերաբար սրել է մատիտները, որ գծերը բարակ լինեն եւ նույն հաստության, եւ հենց այդ պատճառով է ոմանց թվում, որ նկարչուհին գրչով է աշխատել։ Գույները եւս բծախնդրորեն են ընտրվել։
«Այս գործի մեջ ամենամուգ գույնը մուգ կապույտն է, սեւ չկա․․․ Կյանքի, ապրելու վրա շեշտն ուզեցի դնել, ուստի սեւ չկա․․․»,- մանրամասնում է Լուսինեն։
Նա հիշում է՝ պատերազմի օրերին որպես կամավոր թիկունքում աշխատել է իր ընկերների հետ, զինվորների համար Արցախ ուղարկվող իրերն է փաթեթավորել, եւ հենց այդ աշխատանքների ընթացքում էլ մտածել է այս գործի ծնունդի մասին։
Իրանից Հայաստան․ արվեստագետի անցած ուղին
Լուսինե Նավասարդյանը ծնվել է Թեհրանում, այնտեղ արվեստի դպրոց է հաճախել ու միշտ երազել Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու մասին։ Հենց դպրոցական տարիներին մասնագետները նկատել են Լուսինեի ձիրքը։ Նա դեռ մանուկ հասակում նկարչական մրցույթների է մասնակցել, հաղթել, եւ դեռ այդ տարիներին Լուսինեի ընտանիքի համար պարզ էր՝ նկարչուհի է դառնալու։
«Երբ դեռ դպրոցական էի, Իրանում գծանկարչության համապետական մրցույթ էր կազմակերպվել, ես առաջին տեղը զբաղեցրի։ Այդ մրցանակը ստանալուց հետո ինձ ասացին՝ այնտեղ հեշտությամբ կարող եմ համալսարան ընդունվել, բայց ես մի անգամ արդեն եղել էի Հայաստանում, ու հայրենիքս մտքիցս դուրս չէր գալիս։ Ծնողներիս անընդհատ ասում էի՝ ինձ Հայաստա՛ն ուղարկեք, ուզում եմ այնտեղ բարձրագույն կրթություն ստանալ։ 2002 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո, ես եկա հայրենիք եւ ընդունվեցի Գեղարվեստի պետական ակադեմիա, հետո Ժամանակակից արվեստի ինստիտուտում գիտելիքներս հարստացրի։ Դրանից հետո սկսեցի աշխատել նաեւ որպես գրաֆիկ-դիզայներ»,- պատմում է Լուսինեն։
Նա եկել է Հայաստան ու մնացել, իսկ 2018 թվականին ընտանիքն է տեղափոխվել Իրանից։ Հիմա միայն եղբայրն է Իրանում ապրում։
«Հայրս ու եղբայրս ատամնաբույժ են, քույրս ու մայրս՝ օտար լեզվի մասնագետ։ Երբեմն իմ արվեստագետ ընկերներն ասում են՝ ատամնաբուժության ու նկարչության մեջ ընդհանրություն կա, քանի որ ատամնաբույժի գործն էլ արվեստի գործի պես մանրակրկիտ աշխատանք է պահանջում»,- ասում է Լուսինեն։
Լուսինեն վստահ է՝ թեեւ ոմանք միանգամից ասում են՝ չեն ընկալում ժամանակակից արվեստը, բայց բոլորն էլ կարող են հասկանալ ու ընկալել այն, եթե ավելի շատ ժամանակ տրամադրեն ու խորությամբ ուսումնասիրեն։ Ըստ արվեստագետի՝ այս առումով շատ կարեւոր է «Հեռապատումներ» շարքի ցուցադրությունը, որի շրջանակում ցուցադրվում է ժամանակակից արվեստ․ այդպես արվեստագետները մարդկանց հետ ավելի սերտ շփման հնարավորություն են ունենում։
«Այն երկրներում, որտեղ պատկերասրահներում ավելի հաճախ են ցուցադրվում ժամանակակից արվեստի գործեր, ժամանակակից արվեստն ավելի ընկալելի է մարդկանց համար։ Այսինքն՝ որպեսզի մարդիկ դա ընկալեն, ավելի շատ պիտի տեսնեն, ավելի շատ առնչվեն այդ գործերին եւ, ինչու ոչ, նաեւ արվեստագետների հետ»,- ասում է Լուսինե Նավասարդյանը։
Զրույցի վերջում Լուսինե Նավասարդյանն ասում է՝ իր համար շատ կարեւոր է, որ «Լռություն»-ը սկզբում հե՛նց հայրենիքում ցուցադրվի։
Առաջիկայում աշխատանքը ցուցադրվելու է նաեւ արտասահմանյան երկրներում։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։