Հույս ունենք, որ Հարավային Կովկասում առկա վեճերը կվերածենք տարածաշրջանային երկխոսության, եւ կրոնական ազատությունն այն գործիքներից մեկն է, որը կարող է դա իրականություն դարձնել։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին իր ելույթում։
«Բարեբախտաբար, չնայած քաղաքական եւ էթնիկական հակասություններին, մենք ունենք կրոնական հանդուրժողականության եւ հարգանքի լավ ավանդույթ մեր տարածաշրջանում, եւ դա ավելի իրատեսական է դարձնում կայուն խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Նշելով, որ Հայ առաքելական եկեղեցուն զուգահեռ ՀՀ-ում ազատորեն գործում են նաեւ Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանչական ընկերակցությունը, քրիստոնեական այլ կրոնական կազմակերպություններ՝ Փաշինյանը ընդգծեց, որ Հայաստանում է գտնվում նաեւ աշխարհի ամենամեծ եզդիական համայնքը՝ ամենամեծ եզդիական սրբավայրով։
Հաջորդիվ վարչապետը հիշեցնում է՝ առկա է նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու, ասորական եկեղեցու, ռուս մոլոկանների, հեթանոսների ներկայությունը, իսկ հրեական համայնքը թեեւ փոքր է, բայց կարեւոր դեր է խաղում մեր բազմազան հասարակության մեջ՝ իր հոգեւոր կյանքով։ Բացի այդ, ընդգծել է վարչապետը, Երեւանի կենտրոնում առկա է գործող մզկիթ։
«Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարեւոր մասն է: Տարածաշրջանային հարաբերությունների առումով չորս հարեւան երկրներից երեքը` Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, հիմնականում մահմեդական բնակչություն ունեն։ Մեր մյուս հարեւան Վրաստանը հիմնականում քրիստոնյա բնակչություն ունի՝ մեծ մահմեդական համայնքով։ Սա ցույց է տալիս, թե որքան կարեւոր է կրոնական հանդուրժողականությունը մեր տարածաշրջանի կայունության համար»,- հայտարարել է Փաշինյանը։