ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախօրեին՝ փետրվարի 5-ին, անուղղակիորեն դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտարարել է, որ պետք է խուսափել Գազայում էթնիկ զտումներից, հայտնում է Reuters-ը։
Գուտերեշի դիտողությունը հնչել է ի պատասխան նախօրեին պաղեստինցիներին ուղղված Թրամփի առաջարկների։ Նախագահը կոչ էր արել նրանց վերաբնակեցնել հարեւան արաբական երկրներում, որպեսզի ԱՄՆ-ը իր վերահսկողության տակ վերցնի Գազայի հատվածը եւ սկսի դրա վերականգնումն ու վերակառուցումը։ Թրամփը բազմիցս է հայտարարել, թե չի պատկերացնում, որ մարդիկ ցանկանան ապրել Գազայի հատվածում, որտեղ բոլոր շենքերը փլատակի են վերածվել։
«Լուծումներ փնտրելիս մենք չպետք է ավելի վատթարացնենք խնդիրը։ Կարեւոր է հավատարիմ մնալ միջազգային իրավունքի սկզբունքներին: Հրամայական է խուսափել էթնիկ զտումների ցանկացած ձեւից»,- հայտարարել է Գուտերեշը Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքների իրացման կոմիտեում իր ելույթում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ անհրաժեշտ է վերահաստատել երկու պետություն սկզբունքով խնդրի լուծման վերաբերյալ դիրքորոշումը։ Գուտերեշը չի նշել Թրամփի անունը կամ ուղղակիորեն չի հիշատակել նրա առաջարկները, սակայն ինչպես նշում է Reuters-ը, նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ ճիշտ կլինի Գլխավոր քարտուղարի հայտարարությունները որպես պատասխան դիտարկել։
Չորեքշաբթի ավելի վաղ Գուտերեշը Հորդանանի թագավոր Աբդալլայի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ասել է Դյուժարիկը։
ՄԱԿ-ում Պաղեստինի բանագնաց Ռիադ Մանսուրն էլ Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքների իրացման կոմիտեին հայտնել է, որ թագավոր Աբդալլահը արաբական երկրների փոխհամաձայնեցված ուղերձը կփոխանցի Թրամփին, երբ հաջորդ շաբաթ այցելի Վաշինգտոն:
«Մենք Պաղեստինից բացի այլ երկիր չունենք. Գազան նրա թանկարժեք մասն է։ Մենք չենք պատրաստվում լքելու Գազայի հատվածը»,- հայտարարել է Մանսուրը։