ԱՄՆ դաշնակիցներն ակնկալում են, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի գծով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը պատերազմին վերջ տալու Դոնալդ Թրամփի ծրագիրը կներկայացնի Մյունխենի անվտանգության համաժողովում, որը տեղի կունենա փետրվարի 14-16-ը Գերմանիայում։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցները չեն հստակեցրել, թե ինչ մանրամասնությամբ կամ ինչ ձեւաչափով է այն ներկայացվելու։ Սակայն Քելլոգի եւ այլ պաշտոնյաների վերջին շաբաթների մեկնաբանություններն ու հրապարակային հայտարարությունները պարզ են դարձնում, որ ծրագիրը հիմնված է լինելու «խաղաղություն ուժի միջոցով» գաղափարի վրա, այսինքն՝ կողմերին խաղաղություն հաստատել հարկադրելու միջոցով։
Ծրագիրը, ինչպես գրում է Bloomberg-ը, ենթադրում է հակամարտության պոտենցիալ սառեցում եւ «անորոշ վիճակ» ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքների համար, որի փոխարեն Ուկրաինային կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ։ Թե որոնք են լինելու այդ երաշխիքները, չի նշվում։
Անձամբ Քելլոգը ավելի վաղ սոցցանցերում գրել էր, որ մասնակցելու է Մյունխենի համաժողովին եւ «անհամբեր սպասում» է Ուկրաինայում «արյունալի եւ թանկարժեք» պատերազմին վերջ տալու Թրամփի ծրագիրը այնտեղ ներկայացնելուն։
Նշենք նաեւ, որ փետրվարի 20-ին նախատեսվում է Քելլոգի այցը Ուկրաինա, որը պետք է կայանար հունվարի սկզբին, սակայն հետաձգվել էր։