Ռազմական գործողությունների ավարտից հետո Իսրայելը կարող է Գազան հանձնել ԱՄՆ-ին։ Truth Social սոցիալական ցանցում այդ մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ներկայացնելով իր պատկերացումները՝ ԱՄՆ նախագահը գրում է․ «Աշխատելով ամբողջ աշխարհի կառուցապատողների հրաշալի թիմի հետ՝ Միացյալ Նահանգները դանդաղ եւ զգուշորեն կսկսեր ստեղծել այն, ինչը երկրի վրա կդառնար իր տեսակի մեջ ամենամեծ եւ տպավորիչ նախագծերից մեկը»։
Հաջորդիվ նա նշում է, որ միայն այս դեպքում ամերիկացի զինվորականների կարիք չի լինի, իսկ տարածաշրջանում խաղաղություն կտիրի։
«Պաղեստինցիները եւ այնպիսի մարդիկ, ինչպիսիք Չակ Շումերն է (ԱՄՆ Սենատի դեմոկրատների առաջնորդը, որը նախկինում քննադատել է Իսրայելի կառավարությանը՝ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ), արդեն վերաբնակեցված կլինեին այդ տարածաշրջանի առավել անվտանգ եւ գեղեցիկ տարածքներում՝ նոր ու ժամանակակից տներում»,- գրել է Թրամփը:
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ հնարավոր է համարում Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով իրենց տները կորցրած Գազայի բնակիչներին վերաբնակեցնել արաբական երկրներում, ըստ նրա՝ խոսքը շուրջ 1,5 միլիոն մարդու մասին է։
Հաջորդ օրը Հորդանանի արտաքին գործերի եւ արտագաղթի հարցերով նախարար Այման Հուսեյն Աբդուլլահ աս-Սաֆադին հայտարարել էր, որ Ամմանը դեմ է պաղեստինցիների բռնի տեղահանմանը: Եգիպտոսի արտգործնախարարությունն էլ անընդունելի է համարել պաղեստինցի ժողովրդի, այդ թվում՝ հողի իրավունքի խախտումը։ Դեռեւս հունվարի 31-ին Թրամփը վստահություն էր հայտնել, որ Եգիպտոսն ու Հորդանանը կընդունեն պաղեստինցիներին։