Ուկրաինա են ուղարկվել ֆրանսիական «Միրաժ-2000» կործանիչները, որոնց մատակարարման մասին 2024 թվականի հունիսի 6-ին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Առաջին «Միրաժ» կործանիչների Ուկրաինա ժամանելու մասին հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն՝ X-ի էջում հրապարակած գրառման մեջ։
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի երկինքը կպաշտպանեն կործանիչների օգտագործման համար հատուկ պատրաստություն անցած ուկրաինացի օդաչուները։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը չի նշել, թե կոնկրետ քանի ինքնաթիռ է ուղարկվել Ուկրաինա։ Նա միայն գրում է, որ ուղարկվածները խոստացված կործանիչներից «առաջիններն» են։
Նախորդ տարվա վերջին Լըկորնյուն հայտարարել էր, որ «Միրաժները» Ուկրաինա կտեղափոխվեն 2025 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում։ Նա նշել էր, որ ինքնաթիռները կհամալրվեն նոր տեխնոլոգիաներով, մասնավորապես՝ «օդ-գետ» կրակի համակարգերով եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։
Ավելի վաղ լրատվամիջոցները նշում էին, որ հազիվ թե Փարիզը կարողանա կործանիչների այդ տեսակից շատ տրամադրել Կիեւին՝ հաշվի առնելով հենց Ֆրանսիայի ունեցած քիչ քանակությունը։
Այս տեսակի նոր ինքնաթիռներ այլեւս չեն արտադրվում։
Մակրոնն ավելի վաղ ընդգծել էր, որ կործանիչները «Ուկրաինային թույլ կտան պաշտպանել իր հողն ու օդային տարածքը»։