Իրանը ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ տարածաշրջանի մյուս երկրներին հայտնել է, որ դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով այն դիտարկումներին, թե Մոսկվայից հնչած հայտարարություններից հստակ է դառնում, որ Ռուսաստանը դեմ չէ միջանցքային տրամաբանությանը։
Դիվանագետը նշել է, որ տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին։ «Մենք Հայաստանի հետ այս հարցում տարաձայնություն չունենք եւ միատեսակ ենք մտածում։ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է ե՛ւ Իրանին, ե՛ւ Հայաստանին»,- ասել է Սոբհանին։
Կրկնելով Թեհրանից բազմիցս հնչած դիրքորոշումները՝ Սոբհանին նշել է, որ Իրանը դեմ է միջանցքային տրամաբանությանը եւ այն ամենին, ինչը կարող է հանգեցնել սահմանների փոփոխության։
«Մենք սրա մասին հստակ արտահայտվել ենք, եւ այս հարցում այլ երկրների նկատառումները հաշվի չենք առնում։ Որոշ երկրներ փորձում են նման կասկած առաջացնել, որ Իրանն այս հարցում իր դիրքորոշումներից նահանջել է։ Այդ հարցը մեր անվտանգության հետ է շաղկապված։ Մենք մեր երկրի ազգային անվտանգության հարցում հաստատակամ ենք։ Սա մեր դիրքորոշումն է. համեմատե՛ք մյուս երկրների դիրքորոշումները մեր դիրքորոշման հետ, եթե դրանք չեն համընկնի, ուրեմն մենք այդ երկրի հետ տարաձայնություններ ունենք»,- հայտարարել է դեսպանը։
Իրանցի դիվանագետը ընդգծել է, որ Թեհրանը դեմ չէ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, սակայն միայն այն դեպքում, եթե դա իրականացվելու է երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների համատեքստում։
«Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ազգային ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա»,-հայտարարել է դեսպանը։