ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս չունի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի պաշտոնական ծրագիր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այն դեռ պաշտոնապես չկա։ Ինչ որ կա այս կամ այլ հրապարակումներում […], վստահ եմ, որ դա նախագահ Թրամփի պաշտոնական ծրագիրը չէ»,- ասել է Ուկրաինայի նախագահը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ մամուլի ասուլիսում։
Զելենսկին ընդգծել է, որ Կիեւն արդեն ունի նման ծրագրի «տեսլական», եւ ԱՄՆ-ի հետ «կոնկրետ հարցեր» քննարկվել են դեռեւս Թրամփի երդմնակալությունից առաջ։
«Ամեն դեպքում պետք է սպասել պաշտոնական բանակցություններին եւ պաշտոնական արդյունքներին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Հունվարի վերջին ուկրաինական «Страна.ua» լրատվականը հրապարակել էր պատերազմը 100 օրում ավարտելու ծրագիր, որը, ինչպես նշվում էր, կազմել է Դոնալդ Թրամփի թիմը։ Լրատվականը պնդում էր, որ վերջին օրերին այդ ծրագիրը «ակտիվորեն քննարկվել է» «Ուկրաինայի քաղաքական եւ դիվանագիտական շրջանակներում»։
Թրամփի խորհրդականները ավելի վաղ առաջարկել էին Ուկրաինայի համար խաղաղ ծրագրի մի քանի տարբերակ, որը բացառում էր Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ Կիեւից պահանջում էր տարածքային զիջումներ։
Նախօրեին Bloomberg-ը գրել էր, որ ԱՄՆ դաշնակիցներն ակնկալում են, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Մյունխենի անվտանգության համաժողովում կներկայացնի պատերազմին վերջ տալու Վաշինգտոնի նախագահի ծրագիրը։ Սակայն այս տեղեկությունները ժամեր անց հերքեց անձամբ Քելլոգը՝ նշելով, որ հրապարակված տեղեկությունները իրականության հետ կապ չունեն, իսկ ծրագիրը հաջորդ շաբաթ չի ներկայացվելու։
«Խաղաղության ծրագիրը կներկայացնի ոչ թե Քիթ Քելլոգը, այլ ԱՄՆ նախագահը։ Մենք կօգնենք նրան պատրաստվելու, բայց դա տեղի չի ունենա հաջորդ շաբաթ»,- ասել էր Քելլոգը։