Բաքվում նախօրեին շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ ընթացող դատավարությունը։
Ադրբեջանական մամուլը գրում է, որ Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը դատարանում հայտարարել է, որ գոհ է պահման պայմաններից եւ հերքել իրենց նկատմամբ հոգեբանական ճնշման մասին տեղեկությունները։
Նշվում է, որ նման հայտարարություն արել է նաեւ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ իրենց դեմ որեւէ ճնշում չկա, իսկ ցուցաբերվող վերաբերմունքը հարգալից է։
Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Երեւանը հետախուզական տվյալներ ունի, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ ադրբեջանական կողմը հոգեներգործուն արգելված միջոցներ է կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից։
Դատավարության մեկնարկից առաջ էլ Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էր ուղերձում նշել, որ ոչ միայն 422 հատորանոց մեղադրական եզրակացությունների հետ ծանոթանալու հնարավորություն չի ունեցել իր տիրապետած լեզուներով, այլ նաեւ իրեն եւ իր փաստաբաններին ստիպել են ստորագրել չկայացած հարցաքննությունների եզրակացությունների տակ։
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, որոնց թվում են Արցախի նախկին 8 պաշտոնյաները։ Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուբեն Վարդանյանի գործերը առանձնացվել են, եւ նրա դատավարությունը ընթանում է առանձին։