Սիրիայի նոր իշխանությունները ռուսական ռազմակայանները կպահպանեն, եթե դա բխի երկրի շահերից։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան The Washington Post-ին տված հարցազրույցում։
«Եթե մենք դա Սիրիայի համար շահավետ համարենք, ապա այո»,- ասել է Կասրան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը կթույլատրի նոր կառավարությանը պահպանել ռազմակայանները։
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի վերաբերմունքը Սիրիայի նոր կառավարության նկատմամբ «էականորեն բարելավվել է» 2024 թվականի դեկտեմբերին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումից հետո։ «Քաղաքականության մեջ մշտական թշնամիներ չկան»,- նշել է Աբու Կասրան։
Սիրիայի պաշտպանության նախարարը հարցազրույցի ընթացքում չի հստակեցրել, թե արդյոք Դամասկոսը Մոսկվայի հետ վերջին բանակցությունների ընթացքում Ասադին արտահանձնելու խնդրանք է ներկայացրել։ Սակայն նա նշել է, որ ռուսական կողմի հետ քննարկվել է նախկին նախագահին պատասխանատվության ենթարկելու հարցը։
The Washington Post-ը գրում է, որ Ռուսաստանը այնուամենայնիվ կարող է Սիրիայի նոր կառավարությանը տալ «այն, ինչ նա շատ է ուզում»՝ Բաշար ալ-Ասադին:
«Երբ Բաշար ալ-Ասադը որոշեց մեկնել Ռուսաստան, նա մտածեց, որ մենք չենք կարողանա համաձայնության գալ [Ռուսաստանի իշխանությունների հետ]։ Գուցե [Ռուսաստանի հետ] հարաբերությունները վերականգնվեն այնպես, որ դրանք նախ եւ առաջ համապատասխանեն Սիրիայի, իսկ հետո՝ իրենց շահերին»,- նշել է սիրիացի պաշտոնյան։
Աբու Կասրան հավելել է, որ Սիրիայի կառավարությունը այժմ բանակցություններ է վարում երկրում տեղակայված ամերիկյան եւ թուրքական ռազմաբազաների կարգավիճակի շուրջ։ Նրա խոսքով՝ Անկարայի հետ նոր համաձայնագրերը կարող են նախատեսել երկրում թուրքական զորքերի կրճատում կամ «վերաբաշխում»։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը երկրի հյուսիս-արեւելքում, ապա, նախարարի խոսքերով, դա դեռ «քննարկման փուլում է»։
Հիշեցնենք` ռուսական պատվիրակությունը ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորությամբ Դամասկոս ժամանել էր հունվարի 28-ին։ Սա ռուսական պատվիրակության առաջին այցն է Սիրիա երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Սիրիական SANA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի նոր վարչակազմը փոխհատուցում է պահանջել ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ։
2024 թվականի նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում «Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորությամբ հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով բանակը եւ նրանց աջակցող աշխարհազորայինները օրերի ընթացքում կորցրին Հալեպը, Համման եւ Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ապստամբներին հաջողվեց գրավել մայրաքաղաք Դամասկոսը, որից հետո հայտարարվեց նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։