ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զանգվածային կրճատումներ իրականացնելու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (ԱՄՆ ՄԶԳ, USAID): Աշխարհում ավելի քան 10000 աշխատակիցներից միայն 294-ը կկարողանան պահպանել իրենց աշխատանքը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ ՄԶԳ աֆրիկյան բյուրոյում կմնա 12 աշխատակից, իսկ ասիականում՝ 8-ը։ Աղբյուրները հավելում են, որ որոշ աշխատակիցներ արդեն ստացել են կրճատման մասին ծանուցումներ:
«Դա բարկացնող է»,- Reuters-ին ասել է ԱՄՆ ՄԶԳ նախկին ադմինիստրատոր (1993-1999) եւ Բրաունի համալսարանի Ուոթսոն ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոն Բրայան Էթվուդը: Նա ասաց, որ զանգվածային կրճատումները կկործանեն գործակալությանը, որն օգնել է տասնյակ միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: «Շատ մարդիկ չեն կարողանա գոյատեւել»,- նշել է Էթվուդը:
Թրամփի վարչակազմը փետրվարի 4-ին հայտարարեց, որ նախատեսում է աշխատանքից ազատել USAID-ի բոլոր աշխատակիցներին եւ հետ կանչել ԱՄՆ-ից դուրս աշխատող հազարավոր աշխատակիցների։
ԱՄՆ ՄԶԳ կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ փետրվարի 7-ից արձակուրդ կուղարկվեն բոլոր աշխատակիցները՝ բացի նրանցից, ովքեր «պատասխանատու են կարեւոր գործառույթների, հիմնական ղեկավարության եւ հատուկ մշակված ծրագրերի համար»:
ԱՄՆ Պետդեպարտամենտը չի պատասխանել Reuters-ի հարցումներին:
Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Դոնալդ Թրամփը 90 օրով սառեցրեց ԱՄՆ ՄԶԳ արտաքին օգնության տրամադրումը՝ դա բացատրելով ստուգումների անհրաժեշտությամբ, որոնց արդյունքում պետք էր հստակեցնել, թե որքանով են գործակալության ծրագրերը համապատասխանում «ամերիկյան արժեքներին» եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակներին:
Թրամփի վարչակազմը փետրվարի սկզբին ԱՄՆ ՄԶԳ-ին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել «Աֆղանստանում կակաչի աննախադեպ աճեցումը եւ հերոինի արտադրությունը» ֆինանսավորելու եւ «Ալ-Կաիդա» ահաբեկչական շարժման զինյալների մատակարարումները հովանավորելու համար։
ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կառույցը ամբողջությամբ հանձնել Պետդեպարտամենտի վերահսկողության ներքո։