Իրանը չպետք է բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը արդեն մեկ անգամ խաբել է Թեհրանին։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ «մեծ գործարք» կնքելու առաջարկը։
«Մենք գործարք կնքեցինք ԱՄՆ-ի հետ [2015 թվականին], […] շատ զիջումներ արեցինք մյուս կողմին։ Սակայն ամերիկացիները չկատարեցին պայմանագրի պայմանները։ Այն մարդը, ով այժմ իշխանության է վերադարձել [Դոնալդ Թրամփը], այն ժամանակ խզեց պայմանագիրը։ Մինչ նրա գալը ում հետ որ կնքվել էր պայմանագիրը [Բարաք Օբամայի վարչակազմը], չիրագործեց այն։ Համաձայնագիրն ուղղված էր ԱՄՆ պատժամիջոցների վերացմանը, սակայն դրանք չչեղարկվեցին։ Նման իշխանության հետ բանակցություններ չպետք է լինեն։ Նրանց հետ բանակցելը հիմարություն է, անխոհեմ եւ անազնիվ»,- հայտարարել է այաթոլլա Խամենեին։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի հետ բանակցություները որեւէ կերպ չեն կարող ազդել Իրանի խնդիրները լուծելու վրա։
«Թույլ մի՛ տվեք, որ նրանք ստեն, որ եթե իրենց հետ նստենք բանակցությունների սեղանի շուրջ, այս կամ այն խնդիրը կլուծվի։ Ո՛չ, Ամերիկայի հետ բանակցություններով ոչ մի խնդիր չի կարող լուծվել»,- հայտարարել է Խամենեին՝ ելույթ ունենալով Իրանի ռազմաօդային եւ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարական կազմի հետ։
Փետրվարի 4-ին Թրամփը գործադիր հրաման ստորագրեց Իրանի վրա ԱՄՆ-ից գործադրվող առավելագույն ճնշումը վերականգնելու համար։ Փաստաթղթի համաձայն՝ Վաշինգտոնը պետք է կրկնապատկի նաեւ իրանական նավթի արդյունահանումը կրճատելուն ուղղված ջանքերը։
Նույն օրը Թրամփը սոցցանցերում հայտարարեց, որ կցանկանար Իրանի հետ կնքել «միջուկային խաղաղության պայմանագիր», որի իրագործումը պետք է վերահսկեին այն ստորագրող կողմերը՝ Թեհրանն ու Վաշինգտոնը։
Հիշեցնենք, որ օրերս The New York Times-ն էր գրել, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ իրանցի գիտնականները ուսումնասիրում են միջուկային զենք ստանալու կարճ ուղիները, ինչը նման զենք ունենալու համար Թեհրանից կպահանջի ոչ թե տարիներ, այլ ամիսներ։
Թեհրանը ուրանի հարստացումը վերսկսել է, երբ 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր առաջին պաշտոնավարման ընթացքում հայտարարեց 2015 թվականի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Ջո Բայդենի նախագահության ժամանակ Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նշել է Axios պորտալը, «զգալի առաջընթաց է գրանցել»։
2023 թվականի դեկտեմբերի վերջին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել էր, որ Իրանը հարստացված ուրանի արտադրության մակարդակը հասցրել է մինչեւ 60%-ի (միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ է մինչեւ 90% եւ ավելի հարստացված ուրան):