Հարցազրույցներից մեկում Հրանտ Մաթեւոսյանը հիշում է Գեւորգ Էմինի դառնացածությունը, որ ժողովրդի համար ավելի սիրելի է Լեւոն Իշտոյանը, քան ինքը։ Խոսքը 1973 թվականի «Արարատ» ֆուտբոլային թիմի խաղացող Լեւոն Իշտոյանի մասին է։ ԽՍՀՄ գավաթի եզրափակիչ մրցապայքարում նա է հաղթական գոլ խփել Կիեւի «Դինամո»-ի դարպասին եւ, բնականաբար, դարձել Հայաստանի «կուռքը»։ Խորհրդային Հայաստանում ոչ մեկի մտքով չէր անցնի, որ Լեւոն Իշտոյանին կարելի է կարգել Կենտկոմի առաջին քարտուղար կամ գոնե Նախարարների խորհրդի նախագահ։ Նման հեռանկար, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստի մտքով էլ չէր անցնի։ Նրան, «Արարատի» մյուս խաղացողներին, մարզչական թիմին երեւի բավարարել է, որ կառավարությունը բնակարան կամ «Վոլգա» մեքենա է նվիրում, իսկ ժողովուրդը՝ պանծացնում իրենց։ Ինչպես Երեւանում են ասում՝ «էդքան բան»։
Մի քանի օր է՝ մամուլի թոփ-հերոս է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը, ըստ լուրերի, հրաժարվել է Հայաստան գալուց եւ իրեն շնորհված մրցանակը ստանալուց։ Անկախ Հայաստանը գիտի ավելի ցնցող դեպքեր․ Սիլվա Կապուտիկյանը հրաժարվել է պետական պարգեւներից, Լեւոն Խեչոյանը՝ նախագահի գրական մրցանակից։ Ժամանակի ընդդիմությունը, անշուշտ, Կապուտիկյանի եւ Խեչոյանի որոշումը ողջունել է։ Ոմանք գուցե Կապուտիկյանի հայտնի բանաստեղծությունը բերանացի սերտել են, կարելի է ենթադրել՝ ոմանք փորձել են Խեչոյանից ավելի հստակ աջակցություն ստանալ, բայց հրապարակային գաղափար, որ ութսունամյա բանաստեղծուհուն կամ ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից գրողին կարելի է Հայաստանի նախագահ ընտրել, որքան հիշվում է, չի հնչեցվել։
Այսօր մամուլն արծարծում է Հենրիխ Մխիթարյանին մեծ քաղաքականությանը ներգրավելու թեման։ Փառք Աստծո, նախադեպ կա․ Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահ է «ընտրել նախկին ֆուտբոլիստ Կավալաշվիլիին, Թբիլիսիի քաղաքապետը նույնպես ֆուտբոլիստ է՝ Կախա Կալաձեն։ Լրագրող Անահիտ Ադամյանը շատ դիպուկ եզրակացության է եկել․ տրանսպորտի սակագնի բոյկոտը փողոցային շարժման նոր առաջնորդի փնտրտուքի նպատակ ունի։
Հայաստանը փաստացի նախընտրական փուլի մեջ է։ Եվ Հենրիխ Մխիթարյանին մեծ քաղաքականությանը ներգրավելու գաղափարը լավագույն ցանկության դեպքում իսկ «ազատ ժուռնալիստի երեւակայություն» չես համարի։ Մանավանդ որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի տարի առաջ Հայաստանի վիճակը բնութագրելիս նրան անվանել է «ազգի միակ հպարտություն»։
Անկախ Հայաստանի պատմությունը գիտի ոչ պրոֆեսիոնալներին քաղաքականություն «բերելու» օրինակներ։ Բայց նախ՝ անցել է երեք տասնամյակ, երկրորդ՝ եթե գրող Վազգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար, ապա ոչ թե նրա համար, որ ժողովրդի սիրելին էր, այլ որ ինքնապաշտպանական առաջին ջոկատներն է կազմակերպել եւ անձնական խարիզմայով վաստակել այդ պաշտոնը։ Ինչպես Վանո Սիրադեղյանն է իրենից ներքին գործերի ուժեղ նախարարի կերպար եւ կարողություն ստեղծել։ Այդպես է Լեռնային Ղարաբաղում ինքնակայացել եւ քաղաքական մթնոլորտ պարտադրել Սամվել Բաբայանը։ Բայց այսօր 21-րդ դարի երրորդ տասնամյակն է։ Եվ եթե Հենրիխ Մխիթարյանի «ոտքը» հայ ժողովրդին հպարտանալու առիթներ է տալիս, իսկ, ասենք, Լեւոն Ջավախյանի արձակը՝ ոչ, ապա չի հետեւում, թե Մխիթարյանը կարող է քաղաքական, մանավանդ պետական գործիչ լինել։
Հայկական այս «ցնորամտությունը», իհարկե, բացատրություն ունի․ «Իսկ Նիկոլն ինչպե՞ս դարձավ վարչապետ»։ Բայց կարեւորը, երեւի, ոչ թե «ինչպեսն» է, մանավանդ որ առերեւույթ պատասխանը երեք միլոին մարդ գիտի, այլ «ինչուն»։ Իսկ «ինչու»-ի պատասխանը պետք է փնտրել հայկական «ցնորամտության» մեջ․ երբ ելք կամ հնարավորություն տեսնվում է ոչ թե համակարգային, միջազգային քաղաքականության հիմնական միտումների ներգրվող զարգացումների, այլ «թագավոր տղայի» որոնումներում։ Էական չէ, թե «թագավոր տղան» ով է, գիտելիքների, քաղաքական-դիվանագիտական, ինտելեկտուալ, բարոյական կարողությունների ինչ պաշար ունի։ Միայն թե լինի ժողովրդի սիրելին։ Ինչպես Երեւանի նախկին քաղաքապետ Կարգին Հայկոն։ Ժողորդական «կուռքից» մինչեւ գանգը մրճահարված կիսանդրի մի քայլ է։ Իր իսկական սիրելիներին ժողովուրդը պարտավոր է խնայել։ Նույնիսկ եթե նա քաղաքականություն մտնելու մասին հարցին խորհրդավոր ժպիտով պատասխանում է․ «Եկե՛ք հիմա այդ մասին չխոսենք»։
![](https://www.aliqmedia.am/wp-content/uploads/2020/12/v_atanesyan.jpg)
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։