Բաքվում «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակը կարող է քննարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ եւ Իլհամ Ալիեւի միջեւ, երբ ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի ունենան։ Այսպիսի կարծիք հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք այս հարցը կբարձրացնենք տարբեր մակարդակներում մեր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ Եթե ամենաբարձր մակարդակով շփումներ լինեն, չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել երկու երկրների ղեկավարների երկխոսության ժամանակ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ալիեւն ու Պուտինը կարող են քննարկումներ ունենալ «Ռուսական տան» վերաբերյալ։
Ադրբեջանը փետրվարի 3-ին նոտա է հղել ռուսական կողմին՝ «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու պահանջով, որի համար որպես հիմնավորում ներկայացվել էր որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու հանգամանքը։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է Բաքվից ստացված գրությունը եւ նշել, որ պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատվի վարձակալած տարածքը։
Անդրադառնալով նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն առաջացրած մեկ այլ հարցի՝ «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանամանը, Պեսկովը նշել է, որ այդ կապակցությամբ Պուտինը չի նախատեսում առանձին հայտարարությամբ հանդես գալ։
Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակվել էր Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական զեկույցը։ Փաստաթուղթը որեւէ եզրակացություն չի պարունակում ինքնաթիռի կործանման պատճառների մասին, սակայն մասնավորապես նշվում է, որ օդանավի բեկորների նախնական զննման ժամանակ հայտնաբերվել են անցքեր, ինչպես նաեւ ներքին հատվածի վնասվածքներ ու կողմնակի մետաղյա մանր բեկորներ, որոնց լուսանկարները կցված են զեկույցին։