Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով միջամտել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի համար։
«Ձեր նախընտրական հայտարարության մեջ դուք իրավացիորեն դատապարտել եք Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ քրիստոնյաների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները, ընդգծել բնիկ հայերի Արցախ վերադառնալու իրավունքը եւ կոչ եք արել վերականգնել խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ձեր ընտրվելուց հետո աշխարհը ակնկալում է, որ դուք կատարեք այս պարտավորությունները՝ հաստատելով ձեր դերը որպես համաշխարհային խաղաղություն հաստատող»,— ասվում է Արամ Ա Կաթողիկոսի նամակում։
Նամակում Արամ Առաջինը ԱՄՆ նոր վարչակազմին հորդորել է ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա՝ ադրբեջանական բանտերում ավելի քան մեկ տարի ապօրինաբար պահվող տասնյակ հայերին, այդ թվում Արցախի նախկին պաշտոնյաներին, ազատ արձակելու համար։ Նմակում ընդգծվել է, որ հայ գերիները Բաքվում այժմ ենթարկվում են դռնփակ դատավարությունների՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։
«Պարոն Նախագահ, հայ ժողովուրդը բարձր կգնահատի, եթե դուք դիմեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել այս բանտարկյալներին՝ միջազգային իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Նման քայլը զգալիորեն կնպաստի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացին, կնպաստի բարի կամքի եւ կառուցողական միջավայրի ստեղծմանը, որը նպաստում է հայերի Արցախ վերադարձին, կխթանի փոխըմբռնումը ողջ տարածաշրջանում եւ կապահովի ձեր խաղաղարար առաքելության հստակ արտահայտությունը»,-ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի նամակում։
Հիշեցնենք՝ նախորդ տարի՝ նոյեմբերի 3-ին, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել էր երկու օր, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ։ Այդ ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել էր, որ ԱՄՆ նոր կազմավորվող կառավարությունից ակնկալում է արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովման հարցում աջակցության ցուցաբերում, ինչպես նաեւ ամերիկահայ համայնքը ներկայացնող անձի կառավարության կազմի մեջ ներգրավում։
Ավելի վաղ հոկտեմբերի 24-ին Truth social սոցցանցի իր էջում Դոնալդ Թրամփը գրել էր, որ այդ ժամանակ իր մրցակից եւ ԱՄՆ նախկին փոխնախագահ դեմոկրատ Քամալա Հարիսը ոչինչ չի արել, երբ «120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների են ենթարկվել եւ բռնի տեղահանվել Արցախից»:
Նույն գրառման մեջ Թրամփը նաեւ խոստանում էր նախագահ դառնալու դեպքում վերականգնել խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։