Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը իսրայելցի երեքպատանդների է հանձնել Կարմիր խաչի աշխատակիցներին, դրա մասին հայտնում է Times of Israel-ը։
Ազատ արձակվածներն են 53-ամյա Էլի Շարաբին, 56-ամյա Օհադ Բեն-Ամին եւ 34-ամյա Օր Լեւին։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն էլ արդեն հայտարարել է, որ ազատ արձակված անձինք տեղափոխվել են Իսրայելի տարածք։
Ազատ արձակված պատանդների դիմաց Իսրայելը օրվա ընթացքում ազատ կարձակի 183 պաղեստինցի բանտարկյալների, որոնցից 18-ը դատապարտվել էին ցմահ ազատազրկման։
Հունվարի 19-ից ԱՄՆ-ի, Կատարի եւ Եգիպտոսի միջնորդական ջանքերով ուժի մեջ մտած հրադադարից հետո սա արդեն պատանդների ու բանտարկյալների հինգերորդ փոխանակումն է։
Նախորդ չորս փոխանակումների շրջանակներում ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել 18 պատանդի, այդ թվում՝ Թաիլանդի հինգ քաղաքացիների։
Իսրայելն էլ ի պատասխան ազատ է արձակել 400 բանտարկյալի, այդ թվում՝ ինչպես ցմահ դատապարտյալների, այնպես էլ երկար ժամանակ առանց դատավարության պահվողների, այդ թվում՝ անչափահասների։