Բալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան, փետրվարի 8-ին վերջնականապես կանջատվեն ռուսական էներգահամակարգից, հայտնում է LSM գործակալությունը։
Առաջիկա ժամերին Բալթյան երեք երկրների էներգահամակարգը կգործի ավտոմատացված ռեժիմով, իսկ մինչեւ փետրվարի 9-ի երեկո կմիանա եվրոպական էներգահամակարգին, որը, բացի մայրցամաքային Եվրոպայի երկրներից, ներառում է նաեւ Թուրքիան, Ալժիրը, Մարոկկոն եւ Թունիսը։
Իշխանությունները շեշտել են, որ սպառողների համար անցումը պետք է տեղի ունենա անխափան, սակայն բնակիչներին խորհուրդ է տրվել լիցքավորել բջջային հեռախոսներն ու նոութբուքերը կարճաժամկետ հոսանքազրկումների դեպքերի համար, ինչը քիչ հավանական է:
Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն էլ իր հերթին է հայտարարել, որ Կալինինգրադի մարզի էներգետիկ համակարգը նույնպես սկսել է աշխատել ավտոմատացված ռեժիմով։ Նախարարությունը հիշեցրել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մարզում կառուցվել է չորս նոր ՋԷԿ, որոնք լիովին պատրաստ են շահագործման։
Բելառուս-Ռուսաստան էլեկտրական օղակից անջատվելու պլանների մասին Բալթյան երկրները հայտարարել էին դեռեւս 2017 թվականին։ Նպատակը՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածության ռիսկը նվազեցնելն է: Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո այս գործընթացը արագացվեց։