ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Post-ին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում փորձել է բանակցել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ։
Նախագահական «Air Force One» ինքնաթիռում, պատասխանելով լրագրողի հարցին, թե քանի անգամ է խոսել ՌԴ նախագահի հետ, Թրամփը նշել է․ «Ես կգերադասեի չխոսել այդ մասին»։
ԱՄՆ նախագահի խոսքերով՝ Պուտինը իսկապես անհանգստացած է մարտի դաշտում մարդկային կորուստներով։ «Նա ցանկանում է, որ այլեւս մարդիկ չմահանան»,- ասել է Թրամփը։
Նա նաեւ ընդգծել է, որ պատերազմը դադարեցնելու «հստակ ծրագիր» ունի։
«Հուսով եմ, որ դա արագ կլինի: Ամեն օր մարդիկ են մահանում։ Ուկրաինայում այս պատերազմն այնքան սարսափելի է։ Ես ուզում եմ վերջ տալ այս սարսափին»,- ասել է ԱՄՆ նախագահը:
The New York Post-ը հաջորդիվ նշում է, որ Թրամփը, ինքնաթիռում դիմելով Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին, հանձնարարել է հանդիպումներ կազմակերպել՝ հակամարտությունը կարգավորելու համար։
«Եկեք սկսենք այդ հանդիպումները։ Նրանք ցանկանում են հանդիպել: Ամեն օր մարդիկ են մահանում»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ դիմելով Ուոլցին։
Թրամփը նաեւ հայտարարել է, որ ցանկանում է 500 միլիոն դոլարի գործարք կնքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Ուկրաինայի տարածքում առկա հազվագյուտ հողային հանքանյութերին եւ գազին հասանելիություն ձեռք բերելու համար՝ հակամարտության հնարավոր կարգավորման եւ անվտանգության երաշխիքների դիմաց:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել Պուտինի և Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ շփումների մասին տեղեկությունները։
«Այն, ինչ կարելի է ասել այս լուրերի մասին, այն է, որ Վաշինգտոնի վարչակազմն իր աշխատանքն է ծավալում, բազմաթիվ տարբեր հաղորդակցություններ են ի հայտ գալիս: Եվ այդ շփումներն իրականացվում են տարբեր ուղիներով։ Եվ իհարկե, այս շփումների բազմազանության ֆոնին անձամբ ես կարող եմ ինչ-որ բանից անտեղյակ լինել։ Ուստի այս դեպքում ես դա չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել»,- ՏԱՍՍ-ի հարցմանն ի պատասխան ասել է Կրեմլի խոսնակը։
CNN-ը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին հեռախոսազրույց կազմակերպել Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու օրը՝ հունվարի 20-ին։