Հորդանանի արտգործնախարար Այման Հուսեյն Աբդուլլահ ալ-Սաֆադին հայտարարել է, որ պաղեստինցիների արտաքսման Իսրայելի ցանկացած փորձ Ամանը կդիտարկի որպես պատերազմի հայտարարում։
«Պաղեստինցիներին Հորդանանի տարածք քշելու Իսրայելի ցանկացած փորձ կհամարվի պատերազմի հայտարարում։ Հորդանանը կդիմակայի Գազայի սահմաններից դուրս պաղեստինցիների բռնի տեղահանության փորձերին»,- հայտարարել էԱլ-Սաֆադին։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ հնարավոր է համարում Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով իրենց տները կորցրած Գազայի բնակիչների վերաբնակեցումը հարեւան արաբական երկրների տարածքում։ Ըստ նրա՝ խոսքը շուրջ 1,5 միլիոն մարդու մասին է։
Հորդանանի արտգործնախարարը դեռեւս 2024 թվականի սեպտեմբերին գերմանացի գործընկերոջ՝ Աննալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո էր հայտարարել, որ պաղեստինցիների տեղահանության եւ Հաշիմյան Թագավորության տարածքում վերաբնակեցնելու ցանկացած փորձ կդիտարկվի որպես պատերազմի հայտարարում։
Փետրվարի 4-ին էլ Middle East Eye գործակալությունն էր Թագավորության աղբյուրներին հղում կատարելով գրել, որ պաղեստինցիներին վերաբնակեցնելու Իսրայելի ցանկացած փորձ Ամմանի համար կլինի «casus belli» (պատերազմի պատճառ)։
Դեռեւս 2023 թվականի հոկտեմբերի 17-ին էր Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը հայտարարել, որ Թագավորությունը չի պատրաստվում Գազայի տարածքից փախաստականների ու տեղհանվածների ընդունելու։
«Սա կարմիր գիծ է [Հորդանանի համար]։ Իմ կարծիքով սա որոշ շրջանակների մշակած ծրագիր է, որով փորձ է կատարվում փաստացի խնդիրներ ստեղծել տեղում: Որեւէ փախստական չպետք է լինի Հորդանանում, չպետք է լինի Եգիպտոսում։ Սա հումանիտար իրավիճակ է, որը պետք է լուծվի Գազայի եւ Հորդանան գետի Արեւմտյան ափի ներսում, այլ ոչ թե պաղեստինյան մարտահրավերը դնել այլ մարդկանց ուսերին»,- հայտարարել էր Հորդանանի թագավորը: