ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի շուտ կնախընտրեր Իրանի հետ համաձայնության գալ, քան ռազմական գործողություններ սկսել։ Այդ մասին նա ասել է The New York Post-ին տված հարցազրույցում։
«Ես կցանկանայի, որ Իրանի հետ միջուկային հարցերի վերաբերյալ համաձայնագիր կնքվեր։ Ես սա կնախընտրեի դժոխային ռմբակոծություններից… Նրանք չեն ուզում մահանալ։ Ոչ ոք չի ուզում մահանալ։ Եթե մենք համաձայնագիր կնքենք, Իսրայելը նրանց չի ռմբակոծի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Միեւնույն ժամանակ Թրափը չի մանրամասնել, թե ինչպիսի կետեր է պատկերացնում ներառել Իրանի հետ նման հավանական համաձայնագրում։
ԱՄՆ նախագահը նաեւ ենթադրել, որ նման համաձայանգրի ստորագրման դեպքում Իրանում «շատ երջանիկ կլինեն»։
Հարցին, թե ինչ է առաջարկելու ԱՄՆ նախագահը Իրանին գործարքի դիմաց, Թրամփը պատասխանել է. «Չեմ կարող դա ասել, քանի որ դա չափազանց կոշտ է: Ես նրանց չեմ ռմբակոծի»:
Փետրվարի 4-ին Թրամփը հրամանագիր ստորագրեց Իրանի վրա ԱՄՆ-ից գործադրվող առավելագույն ճնշումը վերականգնելու համար։ Փաստաթղթի համաձայն՝ Վաշինգտոնը պետք է կրկնապատկի նաեւ իրանական նավթի արդյունահանումը կրճատելուն ուղղված ջանքերը։
Նույն օրը Թրամփը սոցցանցերում հայտարարեց, որ կցանկանար Իրանի հետ կնքել «միջուկային խաղաղության պայմանագիր», որի իրագործումը պետք է վերահսկեին այն ստորագրող կողմերը՝ Թեհրանն ու Վաշինգտոնը։
Հիշեցնենք, որ օրերս The New York Times-ն էր գրել, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ իրանցի գիտնականները ուսումնասիրում են միջուկային զենք ստանալու կարճ ուղիները, ինչը նման զենք ունենալու համար Թեհրանից կպահանջի ոչ թե տարիներ, այլ ամիսներ։
Թեհրանը ուրանի հարստացումը վերսկսել է, երբ 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր առաջին պաշտոնավարման ընթացքում հայտարարեց 2015 թվականի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Ջո Բայդենի նախագահության ժամանակ Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նշել է Axios պորտալը, «զգալի առաջընթաց է գրանցել»։
2023 թվականի դեկտեմբերի վերջին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել էր, որ Իրանը հարստացված ուրանի արտադրության մակարդակը հասցրել է մինչեւ 60%-ի (միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ է մինչեւ 90% եւ ավելի հարստացված ուրան):