Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին գրավոր հայտարարության մեջ ԱՄՆ-ի հետ բանակցելու անիմաստության վերաբերյալ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հունվարի 7-ի հայտարարությունը որակել է «ուսուցողական»։
Հայատարության մեջ Արաղչին նաեւ վստահեցրել է, որ արտաքին գործերի նախարարությունը գործելու է «արժանապատվության, խոհեմության եւ նպատակահարմարության» երեք սկզբունքների համաձայն եւ կօգտագործի առկա բոլոր ռեսուրսները եւ «քաղաքական ու դիվանագիտական փոխգործակցությունները»՝ Իրանի ազգային շահերն ու անվտանգությունը ապահովելու համար։
Հիշեցնենք՝ այաթոլլահ Խամենեին հայտարարել էր, որ Իրանը չպետք է բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը արդեն մեկ անգամ խաբել է Թեհրանին եւ դուրս եկել 2015 թվականին իրանական կողմի մեծ զիջումների արդյունքում ստորագրված միջուկայնին գործարքից։
Փետրվարի 4-ին Թրամփը հրամանագիր ստորագրեց Իրանի վրա ԱՄՆ-ից գործադրվող առավելագույն ճնշումը վերականգնելու համար։ Փաստաթղթի համաձայն՝ Վաշինգտոնը պետք է կրկնապատկի նաեւ իրանական նավթի արդյունահանումը կրճատելուն ուղղված ջանքերը։
Նույն օրը Թրամփը սոցցանցերում հայտարարեց, որ կցանկանար Իրանի հետ կնքել «միջուկային խաղաղության պայմանագիր», որի իրագործումը պետք է վերահսկեին այն ստորագրող կողմերը՝ Թեհրանն ու Վաշինգտոնը։
Հիշեցնենք, որ օրերս The New York Times-ն էր գրել, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ իրանցի գիտնականները ուսումնասիրում են միջուկային զենք ստանալու կարճ ուղիները, ինչը նման զենք ունենալու համար Թեհրանից կպահանջի ոչ թե տարիներ, այլ ամիսներ։
Թեհրանը ուրանի հարստացումը վերսկսել է, երբ 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր առաջին պաշտոնավարման ընթացքում հայտարարեց 2015 թվականի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Ջո Բայդենի նախագահության ժամանակ Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նշել է Axios պորտալը, «զգալի առաջընթաց է գրանցել»։
2023 թվականի դեկտեմբերի վերջին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել էր, որ Իրանը հարստացված ուրանի արտադրության մակարդակը հասցրել է մինչեւ 60%-ի (միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ է մինչեւ 90% եւ ավելի հարստացված ուրան):