ԱՄՆ-ը շահագրգռված է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտով, սակայն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը կվստահվի Եվրոպային, հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, փոխնախագահ Ջի Դի Վենսը եւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հաջորդ շաբաթ կայցելեն Եվրոպա։
«Միացյալ Նահանգների նախագահը պատրաստ է քայլեր ձեռնարկելու բոլոր կողմերին բանակցությունների մեջ բերելու համար»,- ընդգծել է Ուոլցը։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի դեմ «հարկեր, մաքսատուրքեր, պատժամիջոցներ» սահմանելու։
«Մենք պետք է բանակցային սեղանի շուրջ նստենք բոլոր կողմերի հետ եւ վերջ տանք այս պատերազմին։ Սա հիշատակվել է նախագահ Սիի (Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի), վարչապետ Մոդիի, Մերձավոր Արեւելքի առաջնորդների հետ զրույցների ժամանակ։ Բոլորը պատրաստ են օգնելու նախագահ Թրամփին ավարտելու այս պատերազմը։ Եկեք բոլոր կողմերին հրավիրենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։
Ուոլցը առանց մանրամասներ հայտնելու նաեւ նշել է, որ Թրամփը պատրաստ է քննարկելու Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ օգնության հարցերը։
«Մենք պետք է փոխհատուցենք այդ ծախսերը, եւ դա կլինի ուկրաինացիների հետ համագործակցությունը հազվագյուտ հողային մետաղների, բնական պաշարների, նավթի եւ գազի եւ մեր ռեսուրսների գնումների շրջանակներում»,- ասել է Ուոլցը:
Նա նաեւ հավելել է, որ եվրոպացիները պետք է պատասխանատվություն ստանձնեն այս հակամարտության համար։
«Նախագահ Թրամփը պատրաստվում է վերջ դնելու պատերազմին, եւ այդ ժամանակ, ինչ կվերաբերի անվտանգության երաշխիքներին, ապա դրանք ամբողջությամբ կլինեն եվրոպացիների վրա»,- ասել է Ուոլցը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ երաշխիքների մասին է խոսքը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նաեւ հրաժարվել է հաստատելուց կամ հերքելուց Թրամփի այն պնդումները, որ նա արդեն հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել ուկրաինական հակամարտությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հայտարարությունները հրաժարվել էր մեկնաբանելուց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի վերահաստատել էր բանակցությունների նստելու պատրաստակամությունը։