ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը առաջարկել է փակել «Ազատություն» ռադիոկայանը (Radio Free Europe/Radio Liberty) եւ «Ամերիկայի ձայնը» (Voice of America), որոնք ֆինանսավորվում են Միացյալ Նահանգների կառավարության կողմից։
Մասկը պատասխանել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ռիչարդ Գրենելի հայտարարությանը, որն ասել էր, թե ամերիկացի հարկատուները ստիպված են ֆինանսավորել այնպիսի լրատվամիջոցների, արտեղ աշխատում են «ծայրահեղ ձախ ակտիվիստներ»:
«Այո՛, փակեք դրանք:
1․ Եվրոպան այժմ ազատ է (չհաշված խեղդող բյուրոկրատիան):
2. Նրանց այլեւս ոչ ոք չի լսում։
3․ Սրանք պարզապես խելագար արմատական ձախեր են, որոնք խոսում են իրենք իրենց հետ՝ վառելով տարեկան 1 միլիարդ դոլար ամերիկյան հարկատուների փողերը»,- գրել է Մասկը X-ի իր էջում:
«Ամերիկայի ձայնը» ստեղծվել է 1942 թվականին՝ որպես նացիստական քարոզչության հակակշիռ։ Նախնական շրջանում ռադիոկայանը հեռարձակումները վարել է գերմաներեն, հետագայում ներառելով նաեւ անգլերեն, ֆրանսերեն եւ իտալերեն թողարկումներ։ Ներկայում «Ամերիկայի ձայնը» հեռարձակվում է շուրջ 45 լեզուներով։ Ավելի քան 70 տարի է, ինչ գործում է նաեւ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանն էլ կազմավորվել է «Սառը պատերազմի» տարիներին՝ 1976 թվականին, միավորելով հակակոմունիստական քարոզչության նպատակով դեռեւս 1949-ից հիմնադրված «Ազատ Եվրոպա ռադիոկայանը» (Radio Free Europe) եւ 1953 թվականին նույն նպատակներով հիմնադրված «Ազատություն ռադիոկայանը» (Radio Liberty)։ Նշյալ ռադիոկայանների հայերեն հեռարձակումները իրականացվել են դեռեւս 1953 թվականից։