ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այլ երկրներից Միացյալ Նահանգներ ներկրվող պողպատի եւ ալյումինի համար փետրվարի 10-ից 25% մաքսատուրք սահմանելու մասին։
Թրամփը նաեւ խոստացել է փետրվարի 11-ին կամ 12-ին ամերիկյան ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանած երկրների նկատմամբ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նրա խոսքերով՝ այդ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ կիրառվող միջոցներն ուժի մեջ կմտնեն գրեթե անմիջապես։
Իր առաջին պաշտոնավարման շրջանում Թրամփը արդեն 25% մաքսատուրք սահմանել էր պողպատի եւ 10% ալյումինի համար, սակայն ավելի ուշ Վաշինգտոնը որոշ առեւտրային գործընկերների՝ Կանադային, Մեքսիկային եւ Բրազիլիային, առանց մաքսատուրքերի առեւտրի քվոտաներ շնորհեց: Նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը այդ քվոտաները տարածեց նաեւ Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի եւ Եվրամիության վրա։
ԱՄՆ-ին պողպատի խոշորագույն մատակարարներն են Կանադան, Բրազիլիան, Մեքսիկան, Հարավային Կորեան եւ Վիետնամը: