Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «եզակի ներդրում» ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ։ Այդ մասին ռուսական «Известия» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա իր նշած «ներդրման» համար կատարած առաջին քայլ է անվանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ դա բնութագրելով «մի փաստաթուղթ, որը պարունակում էր Ռուսաստանի աջակցությամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ»։
«Մենք կողմնակից ենք, որ մեր դաշնակից երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, մշակեն խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի եւ կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում։ Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստելու առաջընթացին եւ դեմ ենք հապճեպորեն ինչ-որ փաստաթղթեր ստորագրելուն, ինչպես պնդում է Արեւմուտքը, որն իսկապես ցանկանում է Հայաստանին եւ Ադրբեջանին շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու մղել արեւմտյան ինչ-որ հարթակում»,- ասել է Գալուզինը։
Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի` «նման հապճեպ, չմտածված եւ ամբողջությամբ չստուգված որոշումները» կարող են չհանգեցնել երկարաժամկետ խաղաղության, այլ ընդհակառակը, կարող են ապագայի համար «առճակատման որոշակի սերմեր ցանել», ինչը, Մոսկվան, իր պնդմամբ, անցանկալի է համարում թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի եւ թե՛ Հարավային Կովկասի ու Ռուսաստանի համար։
Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակման եւ տնտեսական կապերի վերականգնման համար Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը` նա նշել է, որ այն աժմ ընդհատված է եւ գտնվում է սառեցված վիճակում։