ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալ է համարում Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության ավարտից հետո պաղեստինցիների Գազա վերադառնալու թույլտվությունը:
«Ես կարծում եմ, որ մեծ սխալ է թույլ տալ, որ պաղեստինցիները՝ Գազայի ժողովուրդը, վերադառնան այնտեղ: Մենք չենք ցանկանում, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա։ Ես դա համարում եմ մեծ անշարժ գույք, որը ԱՄՆ-ը ձեռք կբերի եւ դանդաղորեն կզարգանա: Մենք կվերադարձնենք կայունությունը Մերձավոր Արեւելքին»,-հայտարարել է Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Գազայի հատվածն ամբողջությամբ ավերված է։ Այդ վայրը ամբողջությամբ կարգի կբերվի։ […] Մենք այն կվերակառուցենք մերձավորարեւելյան հարուստ երկրների օգնությամբ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ հնարավոր է համարում Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով իրենց տները կորցրած Գազայի բնակիչներին վերաբնակեցնել հարեւան արաբական երկրներում՝ Եգիպտոսում եւ Հորդանանում։ Ըստ նրա՝ խոսքը շուրջ 1,5 միլիոն մարդու մասին է։
Հաջորդ օրը Հորդանանի արտաքին գործերի եւ արտագաղթի հարցերով նախարար Այման Հուսեյն Աբդուլլահ աս-Սաֆադին հայտարարել էր, որ Ամմանը դեմ է պաղեստինցիների բռնի տեղահանմանը եւ նման քայլերի դեպքում դա կհամարի պատերազմի հայտարարում: Եգիպտոսի արտգործնախարարությունն էլ անընդունելի է համարել պաղեստինցի ժողովրդի, այդ թվում՝ հողի իրավունքի խախտումը։
ԱՄՆ նախագահի առաջարկները քննադատության արժանացան նաեւ արաբական մյուս երկրների, Իրանի եւ Թուրքիայի կողմից։