Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կասեցրել է Գազայի հատվածում պահվող պատանդների նոր խմբի ազատ արձակման գործընթացը, որը պետք է կայանար փետրվարի 15-ին Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագիրը խախտելու պատճառով։ Այդ մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի՝ «Իզզ ալ-դին ալ-Քասամ բրիգադների» խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։
«Վերջին երեք շաբաթվա ընթացքում մենք տեսանք հակառակորդի կողմից գործարքի պայմանների մշտական խախտումներ։ [․․․] Այդ կապակցությամբ մենք որոշել ենք հետաձգել փետրվարի 15-ին նախատեսված գերիների [պատանդների] ազատ արձակումը մինչեւ հետագա ծանուցում։ Իսրայելը պետք է հավատարիմ մնա [համաձայնագրի դրույթներին] եւ հետադարձ ուժով փոխհատուցի վերջին շաբաթներին իր պատճառած վնասը»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի տելեգրամյան ալիքում Աբու Ուբայդայի անունից հրապարակված գրառման մեջ:
Հիշեցնենք՝ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ 2023 թվականից ընթացող պատերազմը դադարեցվեց հունվարի 19-ից ԱՄՆ-ի, Կատարի եւ Եգիպտոսի միջնորդական ջանքերով ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրով։
Գործարքով նախատեսված իսրայելցի պատանդառվածների ու Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների հինգ փոխանակում է արդեն տեղի ունեցել։ ՀԱՄԱՍ-ն արդեն ազատ է արձակել 21 պատանդի, այդ թվում՝ Թաիլանդի հինգ քաղաքացիների, իսկ Իսրայելը՝ 584 բանտարկյալի։