Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Մակրոնը, ողջունելով Փաշինյանին եւ շնորհակալություն հայտնելով Փարիզում անցկացվելիք Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար, կարեւորել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը եւ վերահաստատել Փարիզի աջակցությունը՝ «ի նպաստ Հայաստանի զարգացման ու կայունության ապահովմանը» ։
Փաշինյանն էլ, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների եւ գերատեսչությունների միջեւ բազմաթիվ հանդիպումներ են արդեն կայացել, պահպանվում են կանոնավոր շփումները, որոնք էլ այսօր Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները հասցրել են նոր մակարդակի։
Հանդիպման ընթացքում Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր եւ անդրադարձ կատարել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումներին, ինչպես նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ իր գլխավորած Կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին:
Բացի այդ՝ մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շարունակական առաջմղմանն առնչվող հարցերի շուրջ։