Գյումրու «Վառեմ-մարեմ» պատմամշակութային շենքը դեռ գոյատեւում է: Թեեւ օր օրի փլուզվում, ոչնչանում, բայց շարունակում է հետաքրքիր մնալ տեղի եւ արտասահմանից եկած զբոսաշրջիկների համար:
Շենքը, հատկապես եզակի ճարտարապետական լուծումով փայտե պատշգամբը, հայտնի է «Մեր մանկության տանգոն» ֆիլմից: Օրվա ցանկացած ժամի տարածքում զբոսաշրջիկների խմբերը հիանում են կառույցով՝ հաշվի չառնելով անգամ, որ ամեն րոպե կարող է քար պոկվել:
Շենքի օր օրի ոչնչացման համար մեղավորությունը բոլոր ժամանակների կառավարություններինն է: Բոլորի սեղաններին է դրված եղել շենքի փրկության ծրագիրը, բայց այն այդպես էլ մնացել է թղթի վրա:
«Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող, Գյումրու պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում գրանցված «Վառեմ-մարեմ» շենքը 1860-ականներին կառուցել է գյումրեցի վաճառական Խաչատուր Աբովյանցը:
Հետագայում ռուսական բանակի կապի հանգույցն է տեղակայվել նույն շենքում եւ դարձել Ալեքսանդրապոլի միակ փոստային բաժանմունքը։
Խորհրդայյին կարգերը Աբովյանցից խլում են շենքը: Մինչեւ 1960-ականները շինությունը ծառայել է սահմանապահներին, հետագայում այստեղ են կազմակերպվել Լենինականի մանկավարժական ինստիտուտի ռազմագիտության, երգ-երաժշտության դասերը։
1988-ի աղետից շենքը կանգուն է մնում եւ դառնում անտուն գյումրեցիների ապաստան: Տարիներ անց բնակիչները հեռանում են, անխնամ մնացած շենքը սկսում է քանդվել-քայքայվել:
2009 թվականին մշակույթի նախարարությունը շենքը «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմից փոխանցում է նախարարության ենթակայությանը, բայց դրանից ոչինչ չի փոխվում:
Միակ գործուն քայլը եղել է 2011 թվականին: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ վերանորոգվում է կառույցի կից հատվածը, որտեղ տեղակայվում է Շիրակի մարզային գրադարանը:
2017-ին մշակույթի նախարարությունը կրկին շենքի փրկության անհաջող փորձ է անում. մշակույթի այն ժամանակվա նախարար Արմեն Ամիրյանը հայտնում է, որ շուտով վերանորոգված շենքի առաջին հարկում արհեստագործական սենյակներ են լինելու, երկրորդ հարկում՝ Գյումրու պատկերասրահը եւ երկրագիտական թանգարանը: Հետո որոշեցին միայն պատշգամբը վերանորոգել, դա՛ էլ չարեցին:
Կարճ ժամանակ անց նույն նախարարությունը մեկ այլ փորձ էլ է անում՝ կրկին անհաջող՝ մեր պատմամշակութային ժառանգությունը տանք ռուսներին՝ փրկեն: Տվեցինք, ո՛չ վերցրին, ո՛չ էլ, առավել եւս, փրկեցին:
Հետհեղափոխական նոր Կառավարությունը «Վառեմ-մարեմ»-ը տվեց Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանին, որ վերակառուցեն, տեխնոլոգիական միջազգային կրթական կենտրոնի վերածեն։ Կրկին չարվեց:
Շենքը փրկելու նոր նախաձեռնության մասին նոր ասելիք ուներ այն ժամանակվա գյումրեցի ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ ներկայիս մարզպետը: Նա վստահեցրել էր, որ հայտնի կառույցը փրկելու ծրագիր են քննարկել Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, ԿԳՄՍ հուշարձանների վերականգնման բաժնի ղեկավարությունների եւ գյումրեցի Պետրոսյան եղբայրների հետ:
Պետգույքի կառավարման կոմիտեն արդեն շրջանառության մեջ էր դրել նախագիծը. եթե այլ գերատեսչությունները դրական եզրակացություններ տային, ծրագիրը կհասներ Կառավարություն:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կոմիտեից շենքը փոխանցվելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, այնուհետեւ բարեգործական կազմակերպությունը մինչեւ 2027 թվականը պատմական կառույցն ամրացնելու է: Որպես ներդրող նշվում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի գյումրեցի Պետրոսյան եղբայրների անունները:
Օրերս Գյումրիում ԿԳՄՍ մախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ համապատասխան նախագծերն արդեն իսկ դրական եզրակացություն են ստացել. «Հուսով եմ, որ վերականգնման գործընթացն արագ կընթանա, ձմեռը կանցնի, եւ գարնան գալուն պես կսկսվեն աշխատանքները եւ մինչեւ տարեվերջ կհասնեն ավարտին»:
Կիրականանա՞ն նախարարի հույսերը՝ կերեւա շուտով. գյումրեցիներն է՛լ նախագծերով չեն ոգեւորվում:
![Annman Minasyan](https://www.aliqmedia.am/wp-content/uploads/2021/07/a_minasyan.jpg)
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։