ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է եվրոպացի գործընկերներին մղել Ուկրաինայի համար ավելի շատ ամերիկյան զենք գնելուն Մոսկվայի հետ հավանական խաղաղության բանակցություններից առաջ։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Վաշինգտոնի ծրագրերին ծանոթ երկու իրզաեկ աղբյուրներից ստացած տեղեկություններին։
Ըստ գործակալության՝ այսպիսի ծրագիրը կարող է բարելավել Կիեւի բանակցային դիրքը։ Ավելին, եթե այն պաշտոնականացվի, որոշակի վստահություն կհաղորդի Ուկրաինայի ղեկավարությանը, որը որոշակի անհանգստություններ ունի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության վերաբերյալ եւ կարծում է, որ վերջինս կարող է արգելափակել Կիեւին տրամադրվող հետագա օգնությունը, այն էլ այնպիսի մի ժամանակահատվածում, երբ ուկրաինական բանակը լուրջ տարածքային կորուստներ է կրել ռուսական հարձակումների պատճառով։
ԱՄՆ պաշտոնյաները, այդ թվում՝ Ուկրաինայում Թրամփի հատուկ բանագնաց, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելլոգը, այս շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովում կքննարկեն սպառազինությունների հնարավոր գնումները եվրոպացի դաշնակիցների հետ, հայտնել են Reuters-ի աղբյուրները:
Սա այն մի քանի տարբերակներից է, որը Վաշինգտոնում քննարկվում է եւ միտված է Ուկրաինային ուղղված ռազմական մատակարարումները պահպանելուն՝ առանց ամերիկյան կապիտալի լուրջ ծախսերի։
Reuters-ին տված հարցազրույցում Քելլոգը հրաժարվել է այդ ծրագիրը հաստատելուց, սակայն ասել է. «Միացյալ Նահանգները միշտ սիրում է վաճառել ամերիկյան արտադրության զենքեր, քանի որ դա ուժեղացնում է մեր տնտեսությունը»:
«Տարբերակները շատ են։ Այս պահին ամեն ինչ խաղի մեջ է»,- ասել է Քելլոգը՝ հավելելով, որ նախկին նախագահ Ջո Բայդենի հաստատած ռազմական օգնության փաթեթներով նախատեսված զինատեսակները դեռեւս մատակարարվում են Ուկրաինային։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն էլ նախօրեին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «եվրոպացիները ապագայում պետք է պատասխանատվություն ստանձնեն այս հակամարտության համար»:
Թրամփն իր նախագահական քարոզարշավի ժամանակ խոստացել էր դադարեցնել Ուկրաինային տրամադրվող բոլոր օգնությունները։ Բայց նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում էին, որ Վաշինգտոնը պետք է շարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Կիեւին, հատկապես, եթե խաղաղության բանակցությունները հետաձգվեն մինչեւ 2025 թվականի վերջ: