Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր՝ փետրվարի 11-ին, մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության եւ գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավին, հանդես եկել ելույթով։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ողջույնի խոսքից հետո Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության եւ կայունության ապահովմանը։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաեւ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Այսօր ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ միջոցառումների ընթացքում Պապիկյանը կարճատեւ զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի հետ: