Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) եւ Եվրամիությանը (ԵՄ) անհնար է, ուստի Երեւանը ժամանակի ընթացքում պետք է ընտրություն կատարի այս երկու կառույցների միջեւ։ Այդ մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Որքան հասկանում եմ, հայ ընկերներն ասում են, որ Եվրամիության հետ մերձեցումը պետք է աստիճանաբար լինի, եւ որ Հայաստանը կմնա Եվրասիական տնտեսական միության անդամ։ Այսպես թե այնպես դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին եւ Եվրամիության հետ մերձեցման գործընթացը։ Ինչ-որ պահի պետք է որոշում կայացնել»,- նշել է Գալուզինը։
Միաժամանակ դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում Երեւանի ունեցած ներդրումը ԵԱՏՄ-ում։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի քննարկումը։
Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Եվրամիությունը սպասում է Հայաստանին, որի մասին վկայում են ընդունված իրավական ակտերն ու հայտարարությունները։