Շիրակի մարզում միսարտադրողները եւ մսագործները բողոքում են. սպանդանոց չկա, փոխարենը կա սպանդանոցում մորթ իրականացնելու Կառավարության հստակ որոշումը: Եթե շուկայում հայտնաբերվի ոչ սպանդանոցային ծագման միս, կա՛մ կտուգանեն, կա՛մ միսը կբռնագրավեն:
Մսագործներն ասում են՝ դեմ չեն սպանդանոցում մորթ իրականացնելուն, բայց մարզում առկա երեք սպանդանոցներից ոչ մեկը չի գործում, ո՞ւր տանեն մորթվող անասունին: Հարց են հղում որոշման հեղինակներին՝ նախքան որոշում կայացնելը մի՞թե տեղյակ չեն եղել, որ սպանդանոց չկա, կամ չէ՞ր կարելի սպանդանոցը բացել, հետո որոշումը պարտադրել:
Հասարակ հաշվարկ են ներկայացնում. Շիրակի մարզին ամենամոտ սպանդանոց հասնելու համար շուրջ 80-90 հազար դրամ են ծախսելու, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ ո՛չ մսագործին, ո՛չ միսարտադրողին: Բողոքի ձայն բարձրացնող գյուղացիներն էլ ասում են՝ բակերում մորթի հնարավորություն չունենալու պատճառով կենդանի անասուններին շուկայականից զգալի էժան գնով հանձնում են եզդիներին:
Խնդիրը նոր չէ, վերջին մի քանի տարում միշտ էլ սպանդանոցային մորթը պարտադրվել է, բայց մսագործների ընդվզումներին տեղի տալով՝ որոշման լիարժեք իրականացումը կասեցվել է:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզում առկա երեք սպանդանոցների չգործելու պատճառներից մեկը այդ նույն մեղմ վերաբերմունքն է համարում: Որ մարզում, իրոք, սպանդանոց չկա, մարզպետը խնդիր է համարում, բայցեւ ասում է՝ սպառողն էլ ուզում է անվտանգ միս գնել իր ընտանիքի համար:
Թե ինչու չգործեցին մարզի երեք սպանդանոցները, ըստ մարզպետի, «հավի ու ձվի» պատմությունն է՝ սպանդանոց չունենք, դրա համա՞ր ենք դրսում մորթ անում, թե՞ դրսում ենք մորթում, դրա համար էլ սպանդանոցները չեն գործում:
Ի՞նչ լուծում է առաջարկում Կառավարությունը: Դավիթ Առուշանյանն ասում է՝ տնտեսվարողին հնարավորություն է տրվել սպանդանոցներ բացելու, սեփական եկամտի աղբյուր ունենալու: «Կառավարությունն այնքան է պարզեցրել սպանդանոց հիմնելու գործընթացը, որ անգամ շինթույլտվության կարիք չկա: Լիզինգով 3-4 միլիոն դրամի սահմանում կարող ես սեփական, եկամտաբեր բիզնես հիմնել»: Հարցին, թե ինչու մարզպետարանը չի ձեռնարկում սպանդանոց հիմնելու գործը, մարզպետն ասում է՝ կմեղադրեն դիրքը չարաշահելու, բիզնես ունենալու համար: Փոխարենը համայնքների հետ են համագործակցում, որ համայնքային սպանդանոցային կետեր բացվեն:
Միայն գյուղական համայնքներից կազմված Ախուրյան խոշորացված համայնքը առաջիններից է, որ արդեն գործընթաց է սկսել, գնհարցումներ ներկայացրել: Շարժական սպանդանոցային կետ են բացելու, շրջելու համայնքի 33 գյուղերում, մորթ իրականացնելու, ինչպես նաեւ համայնքին հավելյալ եկամուտ են ապահովելու:
Համայնքները հնարավորություն ունեն սպանդանոցներ հիմնելու նաեւ սուբվենցիոն ծրագրերով, բայց այս տարի այլեւս հնարավոր չէ իրականացնել, քանի որ ծրագրերն արդեն ուղարկված են Կառավարություն:
Թեեւ առայժմ մարզում դեռ սպանդանոց չկա, բայց Դավիթ Առուշանյանը վճռական է տրամադրված, ասում է՝ երբ ստեղծվեցին համայնքապատկան եւ մասնավոր սպանդանոցները, այլեւս ոչ մի զիջում չի լինելու մսավաճառներին, միսն էլ պարտադիր առգրավվելու է:
Բայց թե երբ է գալու այդ օրը, հստակ ոչ ոք չգիտի:
![Annman Minasyan](https://www.aliqmedia.am/wp-content/uploads/2021/07/a_minasyan.jpg)
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։