ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան «ըստ էության համաձայնել է» Վաշինգտոնին 500 միլիարդ դոլարի հազվագյուտ հողային մետաղներ տրամադրել որպես Միացիալ Նահանգների կողմից Կիեւին տրամադրված ռազմական օգնության վճար: Այդ մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Նրանք չափազանց արժեքավոր ու հազվագյուտ հողային մետաղներ ունեն, ինպես նաեւ նավթ, գազ եւ այլ բաներ։ Ես ուզում եմ, որ մեր փողերը պաշտպանված լինեն, քանի որ մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում [Ուկրաինայի վրա]»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է հասանելիություն ունենա Ուկրաինայի բնական ռեսուրսներին՝ անկախ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության պայմանագիրը հաջողությամբ կնքելու կամ չկնքելու հանագամանքից։
«Նրանք [ուկրաինացիները] կարող են համաձայնագիր կնքել կամ չկնքել։ Նրանք մի օր կարող են դառնալ Ռուսաստանի մաս կամ կարող են չդառնալ»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի այս հայտարարություններին այսօր արձագանքել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ցանկացած երեւույթ տեղի է ունենում 50% հավանականությամբ։ Կա՛մ այո, կա՛մ ոչ… Բայց այն, որ Ուկրաինայի մի զգալի մասը ցանկանում է դառնալ Ռուսաստան, եւ որ այն արդեն դարձել է Ռուսաստան, իրականություն է, որը «գետնի վրա» տեղի ունեցած իրողություն է։ Ռուսաստանի չորս նոր շրջաններում մարդիկ, չնայած բազմաթիվ վտանգներին, հերթ են կանգնել եւ հանրաքվեին քվեարկել են Ռուսաստանի Դաշնությանը միանալու օգտին։ Սա մեծապես համապատասխանում է նախագահ Թրամփի խոսքերին»,-հայտարարել է Պեսկովը։
Նշենք նաեւ, որ առաջին դեպքը չէ, երբ Դոնալդ Թրամփը հայտարարում է Ուկրաինայից հազվագյուտ հողային մետաղներ ստանալու ցանկության մասին՝ դա ներկայացնելով որպես ամերիկյան օգնության դիմաց տրվող վճար։ Կիեւում այս գաղափարը չեն մերժել, եւ նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն հայտարարել է, որ Ուկրաինան բաց է նման քննարկումների համար։ Միեւնույն ժամանակ նա նշել էր, որ երկրի հազվագյուտ մետաղների հանքավայրերի մոտ կեսը Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում է։