Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխնախարար Միխայիլ Գալուզինը («Известия»-ին տված հարցազրույցում) խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին, փոխանցում է netgazeti.ge-ն:
Լրագրողի հարցին, թե ինչից է կախված Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, ռուս քաղաքական գործիչը պատասխանել է հետեւյալ կերպ.
«Ընդհանրապես պայմաններ պարտադրելը մեր քաղաքականությունը չէ, թեեւ առանձին դեպքերում դա պետք է անենք որպես բացառություն։ Մենք կողմնակից ենք հարեւան Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, մի երկրի, որի հետ մեզ միավորում են ընդհանուր պատմությունը եւ մշակութային ավանդույթները, ընդհանուր հավատքը, մարդկային ու ազգակցական լայն կապերը»:
Նրա խոսքով՝ «Վրացական երազանք»-ը վարում է պրագմատիկ քաղաքականություն, եւ ռուս-վրացական համագործակցության զարգացումը բխում է երկու երկրների ժողովրդի շահերից։
«Հենց դա են թելադրում Ռուսաստանի որոշումները, ինչպիսիք են օդային հաղորդակցության վերականգնումը եւ առանց վիզայի ռեժիմի վերականգնումը նրանց համար, ովքեր մեր երկիր են գալիս կարճաժամկետ այցով։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվելու այս ուղղություններով եւ զարգացնելու համագործակցությունը Վրաստանի հետ։ Մենք եղել ենք եւ կշարունակենք լինել Վրաստանի գլխավոր տնտեսական գործընկերը»։
Գալուզինը նաեւ հույս ունի, որ «հարաբերությունների հետեւողական զարգացումը, դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կհանգեցնեն դրան».
«Մենք պատրաստ ենք գնալու այնքան հեռու, որքան պատրաստ է վրացական կողմը, այս առումով մեզ համար սահմանափակումներ չկան»։
Հիշեցնենք նաեւ, որ 2008 թվականից՝ վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են։
Տաթեւ Խոցանյան