Այսօր՝ փետրվարի 11-ին, ավարտվեց ավելի քան 60 երկրների մասնակցությամբ Փարիզում կայացած Արհեստական բանականության զարգացմանը նվիրված գագաթնաժողովը։ Միջոցառման մասնակիցների թվում էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
BBC-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովի ավարտին ընդունվել է ընդհանուր հռչակագիր, որում ամրագրվել է արհեստական բանականության հետ կապված տեխնոլոգիաների զարգացման «բաց», «ներառական» եւ «էթիկական» մոտեցման անհրաժեշտությունը։ Փաստաթուղթը ստորագրելուց հրաժարվել են ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փաստաթղթի վերաբերյալ բացասական մոտեցումը բացատրել է նրանով, որ դրանում չափազանց մեծ ճնշում է գործադրվում արհեստական բանականությունը մշակող ընկերությունների վրա՝ «սպանելով մի արդյունաբերություն, որը նոր է սկսել աճել»։
Լոնդոնն էլ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «չի կարողացել համաձայնել առաջնորդների հռչակագրի բոլոր մասերի հետ» եւ «կստորագրի միայն այն նախաձեռնությունները, որոնք կբխեն Միացյալ Թագավորության ազգային շահերից»՝ չպարզաբանելով, թե հռչակագրի որ մասերն են անընդունելի եղել: