Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակից եւ քննարկել պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Նշվում է, որ նախարարներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։
Պաշտպանության նախարարությունը այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Պապիկյանը մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության եւ գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավին, հանդես եկել ելույթով։
Իր խոսքում նախարարը նշել էր, որ Հայաստանի եւ Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության եւ կայունության ապահովմանը։
Միջոցառումների ընթացքում Պապիկյանը կարճատեւ զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի հետ: