Իսրայելը կվերսկսի «ինտենսիվ մարտական գործողությունները» Գազայի հատվածում, եթե ՀԱՄԱՍ-ը մինչեւ փետրվարի 15-ի կեսօր ազատ չարձակի իսրայելցի պատանդներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ռազմաքաղաքական կաբինետի նիստից հետո։
«Իմ ընդունած եւ կառավարության կողմից միաձայն հաստատված որոշումը հետեւյալն է. եթե ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի մեր պատանդներին մինչեւ շաբաթ կեսօր, ապա հրադադարը կչեղարկվի, եւ Իսրայելի պաշտպանության բանակը կվերսկսի ինտենսիվ մարտական գործողությունները մինչեւ ՀԱՄԱՍ-ի վերջնական պարտությունը»,- հայտարարել է Նեթանյահուն։
Ըստ The Times of Israel-ի` խոսքը վերաբերում է 9 պատանդների ազատ արձակմանը, որը նախատեսված էր փետրվարի 15-ին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ՀԱՄԱՍ-ին կոչ էր արել մինչեւ շաբաթ օրը ազատ արձակել մնացած 76 իսրայելցի պատանդներին։
Իսրայելի վարչապետն իր ելույթում նաեւ նշել է, որ նախարարների կաբինետը ողջունել է Թրամփի վերոնշյալ պահանջը, ինչպես նաեւ Գազայի հատվածը ԱՄՆ-ի վերահսկողությանը հանձնելու եւ այնտեղից պաղեստինցիներին տեղահանելու առաջարկները՝ այն անվանելով «Գազայի ապագայի վերաբերյալ հեղափոխական տեսլական»։
«Համաձայնագիրը խախտելու եւ մեր պատանդներին չազատելու մասին ՀԱՄԱՍ-ի հայտարարությունից հետո երեկ երեկոյան ես հրամայեցի Իսրայելի պաշտպանության բանակին կենտրոնացնել ուժերը Գազայի հատվածում եւ շրջակայքում: Այս գործողությունն այս պահին շարունակվում է եւ շուտով կավարտվի»,- հայտարարել է Նեթանյահուն։
ՀԱՄԱՍ-ը փետրվարի 10-ին հայտարարեց, որ կասեցնում է փետրվարի 15-ին նախատեսված իսրայելցի պատանդների հերթական խմբի ազատ արձակման գործընթացը։ Պաղեստինյան շարժումը նման որոշումը բացատրել էր Իսրայելի կողմից հրադադարի մասին համաձայնագրերի խախտումներով։ Հայտարարության համաձայն` Իսրայելը խոչընդոտել էր Գազայի հատվածի հյուսիսի բնակիչների վերադարձը եւ արգելափակել շրջանի համար նախատեսված հումանիտար օգնության մուտքը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ՀԱՄԱՍ-ի հայտարարությունն անվանել է «հրադադարի ուղղակի խախտում»։
Հիշեցնենք՝ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ 2023 թվականից ընթացող պատերազմը դադարեցվեց հունվարի 19-ից ԱՄՆ-ի, Կատարի եւ Եգիպտոսի միջնորդական ջանքերով ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրով։
Գործարքով նախատեսված իսրայելցի պատանդառվածների ու Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների հինգ փոխանակում է արդեն տեղի ունեցել։ ՀԱՄԱՍ-ն արդեն ազատ է արձակել 21 պատանդի, այդ թվում՝ Թաիլանդի հինգ քաղաքացիների, իսկ Իսրայելը՝ 584 բանտարկյալի։