Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը կողմ է ռազմական գործողություններից հետո Գազայի հատվածը վերականգնելուն, սակայն առանց բնակչության տեղահանությունների։ Նա այս դիրքորոշումը ներկայացրել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո X-ի էջում հրապարակած գրառումների մեջ։
«[Հանդիպման ընթացքում] Ես կրկնեցի Հորդանանի անսասան դիրքորոշումը Գազայից և [Հորդանան գետի] Արևմտյան ափից պաղեստինցիների տեղահանմանը դեմ լինելու վերաբերյալ: Սա արաբական երկրների ընդհանուր դիրքորոշումն է։ Բոլորի համար առաջնահերթությունը պետք է լինի առանց բնակչության տեղահանման Գազայի վերականգնումը, ինչպես նաև Գազայի ծանր հումանիտար իրավիճակի կարգավորումը»,- նշել է Հորդանանի թագավորը։
Նա նաեւ հավելել է, որ հակամարտության «երկու պետություն» սկզբունքով կարգավորուման շրջնակակում «արդար խաղաղության հասնելը տարածաշրջանային կայունության ապահովման ճանապարհն է»։
«Նախագահ Թրամփը խաղաղության մարդ է։ Նա մեծ դեր ունեցավ Գազայի հատվածում հրադադարի ապահովման գործում։ Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ը եւ բոլոր շահագրգիռ կողմերը կապահովեն դրա պահպանումը»,- ասվում է Հորդանանի թագավորի գրառման մեջ:
Աբդալլահ II-ը նաեւ նշել է, որ մտադիր է շարունակելու «արդյունավետ աշխատանքը գործընկերների հետ՝ տարածաշրջանում բոլորի համար արդար և համապարփակ խաղաղության հասնելու համար»:
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ հնարավոր է համարում Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով իրենց տները կորցրած Գազայի բնակիչներին վերաբնակեցնել հարեւան արաբական երկրներում՝ Եգիպտոսում եւ Հորդանանում։ Ըստ նրա՝ խոսքը շուրջ 1,5 միլիոն մարդու մասին է։
Հաջորդ օրը Հորդանանի արտաքին գործերի եւ արտագաղթի հարցերով նախարար Այման Հուսեյն Աբդուլլահ աս-Սաֆադին հայտարարել էր, որ Ամմանը դեմ է պաղեստինցիների բռնի տեղահանմանը եւ նման քայլերի դեպքում դա կհամարի պատերազմի հայտարարում: Եգիպտոսի արտգործնախարարությունն էլ անընդունելի է համարել պաղեստինցի ժողովրդի, այդ թվում՝ հողի իրավունքի խախտումը։
ԱՄՆ նախագահի առաջարկները քննադատության արժանացան նաեւ արաբական մյուս երկրների, Իրանի եւ Թուրքիայի կողմից։