ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին կազմակերպության Անվտանգության խորհրդին ուղղած նամակում կոչ է անում դատապարտել Թեհրանի դեմ ԱՄՆ-ից հնչող սպառնալիքները։
Դիվանագետը ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «խորապես մտահոգիչ եւ անպատասխանատու» հայտարարությունների վրա, որը, ըստ նրա, Իրանին բացահայտ սպառնացել է ուժի կիրառմամբ։
Մշտական ներկայացուցիչը որպես օրինակ բերել է 2025 թվականի փետրվարի 10-ին Թրամփի Fox News-ին տված հարցազրույցի այն հատվածները, որտեղ նա նշել էր, որ «ռմբակոծությունների» փոխարեն կնախընտրեր «գործարք կնքել», եւ որ «Թեհրանի կողմից միջուկային զենք ստեղծելու գործընթացը կանգնեցնելու համար կա երկու միջոց․ ռումբեր եւ գործարք»։
Իրավանիի խոսքով՝ նման հայտարարությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը, մասնավորապես՝ ինքնիշխան պետությունների դեմ ուժի սպառնալիքն արգելող հոդվածը։ Իրանի մշտական ներկայացուցիչը քննադատել է նաեւ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, որն ամրագրվել է 2025 թվականի փետրվարի 4-ի ԱՄՆ նախագահական հուշագրում։ Նրա կարծիքով՝ այս կուրսը նպատակաուղղված է թշնամանքի մեծացմանն ու Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառմանը, ինչը նույնպես հակասում է միջազգային իրավական նորմերին։
Թեհրանը կտրականապես մերժում եւ դատապարտում է նման սպառնալիքները, ընդգծել է Իրավանին։ Նա կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մի կողմ չմնալ եւ դատապարտել նման հռետորաբանությունը՝ զգուշացնելով, որ Թեհրանի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն լուրջ հետեւանքներ կունենա։
«Իրանը հավատարիմ է մնում խաղաղության, անվտանգության եւ միջազգային համագործակցության սկզբունքներին, բայց պատրաստ է ամուր պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ազգային շահերը»,- եզրափակել է դիվանագետը։