Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը դատապարտում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախօրեին խորհրդարանի ամբիոնից եւ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հնչեցրած գնահատականները՝ կապված արցախցիների պայքարի, հայրենիքի պաշտպանության եւ Արցախի իշխանությունների գործողությունների հետ։ Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման եւ դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ: Սամվել Շահրամանյանը հարկ է համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլեւ քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաեւ Ալեն Սիմոնյանը, ով տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական եւ այլ նպատակահարմարությունից, Արցախի եւ Հայաստանի համար կարեւորագույն հարցերում փոխել է իր կարծիքն ու դիրքորոշումը»,- ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակած հայտարարության մեջ
Դրանում նշվում է, որ Արցախի իշխանությունները ոչինչ չեն խնայել, որ հայրենիքը պաշտպանած զինծառայողներն իրենց միայնակ չզգան եւ ռազմական գործողությունների դադարից հետո կարողանան անվնաս դուրս գալ զբաղեցրած դիրքից կամ շրջափակումից:
«Արցախի Հանրապետության նախագահը պահանջում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից եւ զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որեւէ գնահատականից՝ միաժամանակ մեկնաբանել սեփական հայտարարությունը, թե ով եւ ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հաշվի առնելով արցախցիների շրջանում Ալեն Սիմոնյանի հայտարարության լայն բացասական արձագանքը՝ Սամվել Շահրամանյանը նաեւ հորդորում է պառակտիչ եւ վտանգավոր հայտարարությունների փոխարեն ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնն օգտագործել արցախահայության գոյաբանական խնդիրների լուծման համար։ Կոչ է արվում նաեւ ողջ ջանքերն ուղղել «արցախցի քույրերին եւ եղբայրներին առաջարկվող բնակարանային ապահովման տապալված ծրագրի վերանայմանը եւ բավարար պայմաններ ստեղծել, որ արցախցիները մնան Մայր Հայաստանում»:
Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԺ նախագահը հայտարարել էր․ «Նկատի չունեմ, որ որեւիցէ մեկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիվ չի արել, ես նկատի ունեմ, որ զանգում էին, մեզ ասում էին՝ «մենք դուրս ենք գալիս, մենք ստեղ էլ չենք մնալու, մենք դուրս ենք գալիս, բացեք սահմանը, մենք դուրս ենք գալիս»: Ասում ենք՝ «բա զինվորը ո՞նց կանգնի, եթե դուք բոլորով դուրս եք գալիս, կամ ո՞նց եք դուք դուրս գալիս»: «Չէ, չէ, չէ, բացեք, մենք բոլորով դուրս ենք գալիս»: Չէ, չէ, չէ, իհարկե, պիտի դուրս գան, հենց կրակում են, պիտի բոլորը դուրս գան, հեսա հենց կրակեն սահմանին, Սյունիքից բոլորով կհավաքվեք, դուրս կգաք: Ուրեմն, բոլորը պետք է մնան եւ պաշտպանեն իրենց հայրենիքը»։