Հայաստանի Ազգային ժողովը 63 կողմ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ավելի վաղ հայտնել էր, որ դեմ են քվեարկելու նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ իր խմբակցությունը ընդհանրապես չի մասնակցելու քվեարկությանը։
Հայաստանի` Եվրամիությանը միանալու մասին օրինագծի քննարկումները ՀՀ ԱԺ-ն սկսել էր նախօրեին։
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին ՀՀ Կառավարությունն էր հավանություն տվել ԵՄ-ին միանալու մասին «Եվրաքվեի» առաջարկած օրենքի նախագծին։ Սրան նախորդել էր «Եվրաքվեի» նախաձեռնած ստորագրահավաքը, որի արդյունքում նախաձեռնությանը օրինագծի տեսք տալու եւ այն ԱԺ ուղարկելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել էր 60 հազարը։
Հունվարի 24-ին արդեն ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին, եւ այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: