Գյումրիում որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան քաղաքական մթնոլորտը թեժանում է, թեկնածուների թիվը՝ ավելանում:
Հայտնի փաստ է, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունները միշտ են լարված եղել, թեկնածուների պայքարը՝ անզիջում: Այստեղ միշտ էլ ընտրությունների ելքն անկանխատեսելի է եղել, պատվիրված եւ անկախ սոցհարցումների արդյունքներն էլ գրեթե միշտ՝ չիրականացված: Որ այս ընտրություններն իրենց կատաղի եւ անզիջում պայքարով աննախադեպ են լինելու, էլ ոչ ոք չի կասկածում:
Թեեւ քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, բայց Գյումրու խոշոր ցուցանակներին արդեն հայտնվել են հայտնի ու անհայտ դեմքեր՝ քաղաքը փրկելու զանազան ծրագրերով:
Որոշ թեկնածուներ դեռ լռում են, ոմանք էլ արդեն հայտարարել են, որ պայքարելու են հանրապետության երկրորդ քաղաքի կառավարումը ստանձնելու համար: Շրջանառվող անուններից ոմանց գյումրեցիները վաղուց են ճանաչում:
Իշխող՝ ՔՊ-ի թեկնածուն, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Գյումրիում անցկացված նախնական ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած Սարիկ Մինասյանն է: Մինասյանը նախնական ընտրություններին մասնակցած միակ թեկնածուն էր, որն անկուսակցական էր, բայց Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուն պես անդամագրվեց ՔՊ-ին:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ամենասկանդալային թեկնածուների շարքում է: Դեռ քարոզարշավը չմեկնարկած՝ Ղուկասյանը հասցրել է սկանդալների մեջ ընկնել: Քաղաքում հայտնի աստվածապաշտ ու ամեն առիթով Սուրբ գրքից մեջբերումներ անող Ղուկասյանը ղեկավարելու է ոչ ավելի, ոչ պակաս աթեիզմի կարկառուն խորհրդանիշ Կոմունիստական կուսակցության ավագանու թեկնածուների ցանկը:
Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանը հեռավար կերպով վեճ ու կռվի մեջ է մեկ այլ Վարդան Ղուկասյանի՝ ԴՕԿ կուսակցության ղեկավարի հետ, որի թիմը նույնպես մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, նախորդ ընտրություննեում Վարդան Ղուկասյանի ամենաուժեղ մրցակից Մարտուն Գրիգորյանը եւս հաստատել է իր՝ ընտրություններին մասնակցելու մասին լուրերը:
«Մենք» նախաձեռնության թեկնածու Կարեն Սիմոնյանն էլ Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու ծրագրով է մտել դեռ չմեկնարկած ընտրապայքարի մեջ: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն էլ նախկին ԲՀԿ-ական Արտյոմ Ղարաղազարյանի դեմքով է մտել մրցավազքի մեջ:
Գյումրեցի սիրված պրոդյուսեր, ընդդիմադիր հայացքներով հայտնի Ռուբեն Մխիթարյանը նույնպես հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությամբ: Պրոդյուսերն ասել է՝ ամենապայծառ ու ամենաիրատեսական ծրագրով է մտնում ընտրապայքար, ասել է նաեւ, որ իր հիմնական նխատակն այն է, որ իշխող ուժը հաջողություն չունենա Գյումրիում:
Դեռեւս ոչ հստակ, բայց շրջանառվում են նաեւ Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ներկայացուցիչ Կարեն Պետրոսյանի, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի անունները:
Գյումրիում ինչ ելք կունենան արտահերթ ընտրությունները, խիստ անկանխատեսելի է, բայց որ շատ թեժ է լինելու, արդեն նշմարվում է:
![Annman Minasyan](https://www.aliqmedia.am/wp-content/uploads/2021/07/a_minasyan.jpg)
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։