ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Պետդեպարտամենտի ծախսերը կրճատելու ծրագրի շրջանակում կարող է փակել երկրի մի քանի հյուպատոսություններ, հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Լրատվականի զրուցակիցների տվյալներով՝ խոսքը Կանադայում, Մեքսիկայում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում, ինչպես նաեւ Եվրոպայում գտնվող հյուպատոսությունների մասին է։ Ավելին՝ եվրոպական հյուպատոսությունների մեծ մասը, որոնք կարող են կրճատվել, Գերմանիայում եւ Ֆրանսիայում են։
Աղբյուրների խոսքերով՝ Թրամփը ծանոթացել է փակման ենթակա հյուպատոսությունների ցանկին, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Պետքարտուղարությունը հյուպատոսություններից տեղեկություն է խնդրել նրանց գործունեության մասին։ Գերատեսչությունը նաեւ կուսումնասիրի եւ դեռ կգնահատի, թե դիվհաստատությունների գործունեությունները որքանով են համապատասխանում «Ամերիկան առաջին հերթին» Թրամփի ծրագրերին, նշել են աղբյուրները։
NBC-ն նշում է, որ պաշտոնյաները քննարկում են այս հյուպատոսությունների դիվանագիտական անհրաժեշտությունը, ինչպես նաեւ դրանցում իրականացվող կառավարական լրացուցիչ գործունեության տեսակները, որոնք ներառում են նաեւ այլ երկրների հետ ռազմական շփումներն ու հետախուզական տվյալների հավաքումը:
Կառավարության ծախսերի կրճատման շրջանակում Թրամփի վարչակազմն արդեն կասեցրել է օտարերկրյա օգնության ծրագրերը եւ դաշնային պաշտոնյաներին առաջարկել հեռանալ աշխատանքից՝ փոխհատուցման դիմաց: