Դեռ պետք է հասկանալ, թե արդյոք Եվրոպայում նույն կերպ են վերաբերվում Հայաստանի ԵՄ ձգտումներին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ըստ երեւույթին, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ դեպի Եվրամիություն կողմնորոշումը ինչ-որ լրացուցիչ դիվիդենտներ կապահովի երկրի եւ ժողովրդի շահերի համար՝ հստակ պատկերացում չունենալով, թե արդյոք ինքը՝ Եվրամիությունը, շահագրգռված է դրանում։ Սա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է,- ասել է Պեսկովը՝ նշելով,— այնուամենայնիվ, ե՛ւ իրենք՝ հայերը, ե՛ւ բոլորը պետք է պարզեն, թե որքանով է դա փոխադարձ ցանկություն, եւ ինչպես են իրենք՝ եվրոպացիները, վերաբերվում դրան»:
ՌԴ մամուլի խոսնակը նաեւ հավելել է, որ պետությունները տասնամյակներ շարունակ հերթ են կանգնել Եվրամիությանը անդամակցելու համար, մինչդեռ Հայաստանն առայժմ ակնհայտ դիվիդենտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից։
«Մենք գիտենք շատ երկրների փորձը, որոնք երկար ժամանակով հերթ են կանգնել [ԵՄ մտնելու համար], որը տեւում է տասնամյակներ։ Միեւնույն ժամանակ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է իր դիվիդենտները ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներից։ Այդ դիվիդենտները առավել քան տեսանելի են»,-նշել է Պեսկովը։
Փետրվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրինագիծը։