Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի (Ալ-Ջուլանիի) հետ, որը հունվարին հռչակվել է Սիրիայի ժամանակավոր նախագահի պաշտոնակատար։ Այդ մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից նշելով, որ հեռախոսազրույցը եղել է «կառուցողական, գործնական եւ բովանդակալից»։
Հաղորդագրության համաձայն՝ Պուտինը եւ Ալ-Շարաան մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Պուտինն իր զրուցակցին հաջողություն է մաղթել «երկրի նոր ղեկավարության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում», ինչպես նաեւ ընդգծել իր սկզբունքային դիրքորոշումը Սիրիայի միասնությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում։
ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ Մոսկվան պատրաստակամ է օգնելու Սիրիային երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու գործում, այդ թվում՝ երկրի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելով։
«Անդրադարձ է կատարվել առեւտրատնտեսական, կրթական եւ այլ ոլորտներում գործնական համագործակցության մի շարք արդի հարցերի, մասնավորապես հաշվի առնելով Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության վերջին բանակցությունները Դամասկոսում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նման օգտակար շփումները՝ երկկողմ համագործակցության զարգացման լայն օրակարգ մշակելու համար»,- ասվում է Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ռուսական պատվիրակությունը ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորությամբ Դամասկոս ժամանել էր հունվարի 28-ին։ Սա ռուսական պատվիրակության առաջին այցն էր Սիրիա երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Սիրիական SANA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի նոր վարչակազմը փոխհատուցում է պահանջել ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ։
2024 թվականի նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում «Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորությամբ հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով բանակը եւ նրանց աջակցող աշխարհազորայինները օրերի ընթացքում կորցրին Հալեպը, Համման եւ Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ապստամբներին հաջողվեց գրավել մայրաքաղաք Դամասկոսը, որից հետո հայտարարվեց նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։